Սոցապը 6 ամիս առաջ «հրատապ» կարգով տարեցների համար տներ է գնել, սակայն դրանք մինչ օրս բնակեցված չեն |hetq.am|
10:34 - 29 հունիսի, 2020

Սոցապը 6 ամիս առաջ «հրատապ» կարգով տարեցների համար տներ է գնել, սակայն դրանք մինչ օրս բնակեցված չեն |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզի Մրգաստան, Ակնաշեն և Գեղակերտ համայնքներում, տարեցների խնամքի ծառայությունների մատուցումը բարելավելու անհրաժեշտությունից ելնելով, արդեն գնվել է 3 տուն: Դրանցից երկուսի շուկայական արժեքից թանկ գնելու հարցում կասկածներ ունի նույնիսկ պատվիրող՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը:

2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2021թ. համար, որպես շուրջօրյա խնամքի հաստատություններին այլընտրանք, փորձնական ծրագրով նախատեսվում է ստեղծել խնամքի համայնքային 5 փոքր տուն՝ 50 տարեցի բնակության և համապատասխան ծառայություններ տրամադրելու համար:

Նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ համայնքային փոքր տունն ունի ընտանեկանին առավելագույնս մոտ պայմաններ, և կարող է ապաստանել տվյալ համայնքում կամ հարևան համայնքներում բնակվող, ինչպես նաև տուն-ինտերնատներում խնամվող՝ տվյալ տարածաշրջանի նախկին բնակիչների: Այնտեղ կարող են մնալ կացարանի ու խնամքի կարիք ունեցող այն տարեցները, որոնք ունեն նաև ընտանեկան ջերմության, շփման, հասակակիցների հետ հաղորդակցման, զբաղմունքի նախընտրելի տեսակներով զբաղվելու, համայնքի կյանքին մասնակցելու կարիք և այլն:

 

 

Մեկ համայնքային փոքր տանը կարող են բնակվել առավելագույնը 10 տարեց: Ըստ Սոնա Մարտիրոսյանի՝ նախընտրելի է, որ տներն ունենան տնամերձ հողամաս, ինչը կապահովի տարեց անձանց զբաղվածությունը:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մրցակցային հիմունքներով՝ դրամաշնորհի տրամադրման մրցույթում հաղթող կազմակերպությունների միջոցով: Կազմակերպությունը պետք է պարտադիր հավաստագրված լինի օրենքով սահմանված կարգով:

Մասնավորապես, նախատեսվում է դրամաշնորհ տրամադրել փոքր տանը բնակվող յուրաքանչյուր տարեցի հաշվարկով՝ օրական 4500 դրամի չափով: Նախարարությունը համեմատության համար նշում է, որ ընդհանուր տիպի տուն-ինտերնատում մեկ խնամվողի մեկ օրվա ծախսի գումարը տատանվում է 4700-5100 դրամի սահմաններում:

Տների գնումները՝ «հրատապ մեկ անձ» ընթացակարգով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Արմավիրի մարզում ձեռքբերված թվով 2 փոքր տների գնումն իրականացվել է  «հրատապ մեկ անձ» գնման ընթացակարգերով։

Նախարարության՝ «փոքր տների և պաշտպանված բնակարանների» գնման հայտարարությունը վերաբերում էր 10 անշարժ գույք ձեռք բերելուն: Առանձնատները և բնակարանները պետք է գտնվեին Արարատի, Արմավիրի կամ Տավուշի մարզերում կամ Աշտարակի տարածաշրջանում: Շինության տեսակը՝ կապիտալ, քարե կամ մոնոլիտ, իսկ բնակելի մակերեսն առնվազն 250 քմ և առնվազն 300 քմ տնամերձ հողատարածք: Առանձնատունը պետք է ունենա առնվազն 2 սանհանգույց։

Մեկ առանձնատան առավելագույն արժեքը սահմանվել էր 27 մլն դրամ, իսկ բնակարանների համար՝ 15 մլն:

Նախարարությունից տեղեկացնում են, որ գնման ընթացակարգերի հայտարարությունը և հրավերը ոչ միայն հրապարակվել է գնումների պաշտոնական տեղեկագրում և armeps.am կայքում, այլև առավել բարձր մասնակցություն ապահովելու նպատակով համապատասխան հայտարարություններ են հրապարակվել նախարարության պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև spyur.am կայքի միջոցով գնման ընթացակարգի վերաբերյալ տեղեկացվել են անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում բոլոր մասնագիտացված կազմակերպությունները։

Գնման ընթացակարգի հրավերով սահմանված տեխնիկական բնութագրով նախատեսվում էր մեկ կամ երկհարկանի առանձնատուն։

 

 

Թեև նախարարությունը հայտարարում է, որ առավել բարձր մասնակցություն ապահովելու նպատակով հայտարարությունները հրապարակվել են տարբեր աղբյուրներում, պարզեցինք, որ հայտ ներկայացնելու ժամանակահատվածն այնքան կարճ է եղել, որ այդ պայմաններում տեսականորեն հնարավոր չէ ապահովել բարձր մասնակցություն, հետևաբար նաև մրցակցություն: Մասնավորապես, gnumner.am-ում և armeps.am-ում հայտարարությունը հրապարակվել է դեկտեմբերի 11-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում դեկտեմբերի 12-ին: Իսկ դիմումների ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է դեկտեմբերի 16-ին: Գնահատող հանձնաժողովի 2019թ. դեկտեմբերի 17-ի թիվ 3 որոշմամբ հաստատվել էին ընթացակարգի բոլոր մասնակիցների կողմից ներկայացված հայտերի` հրավերի պահանջներին համապատասխանության գնահատման արդյունքները։

Ստացվում է, որ հայտեր ներկայացնելու համար մասնակիցներն ունեցել են ընդամենը 5 օր:

Հայտեր են ստացվել միայն փոքր տների վերաբերյալ՝ «Լեքսհաբ» ՍՊԸ-ի, «Եղիշե Դերենիկի Հովսեփյան» ԱՁ-ի և «Լաուրա Բարսեղյան ժորժիկի» ԱՁ-ի կողմից: Նույն չափաբաժնի առանձնատան վերաբերյալ կրկնվող հայտեր չեն եղել, այսինքն՝ չի եղել գնային մրցակցություն, թեև ընտրված մասնակցին որոշելու համար կիրառված չափանիշը նվազագույն գինն է:

«Լեքսհաբ» ՍՊԸ-ն դիմել էր 7-8-րդ չափաբաժնի տների համար, որոնք պետք է գտնվեին Արմավիրի մարզում: «Եղիշե Դերենիկի Հովսեփյան» ԱՁ-ի հայտը վերաբերել է 9-րդ չափաբաժնին, ըստ որի՝ առանձնատունը պետք է գտնվեր Արարատի, Արմավիրի կամ Տավուշի մարզերում կամ Աշտարակի տարածաշրջանում: 10-րդ չափաբաժնով նշված տան գնման համար հայտ էր ներկայացրել «Լաուրա Բարսեղյան ժորժիկի» ԱՁ-ն: Այս չափաբաժնով առանձնատունը ևս պետք է գտնվեր Արարատի, Արմավիրի կամ Տավուշի մարզերում կամ Աշտարակի տարածաշրջանում:

Արդյունքում 19.12.2019թ. 7-8-րդ չափաբաժինների վերաբերյալ պայմանագիր է կնքվել միայն «Լեքսհաբ» ՍՊԸ-ի հետ: Մյուս երկու ընտրված մասնակիցներն ընթացքում փաստաթղթերի հետ կապված դժվարություններ են ունեցել և դուրս մնացել գործընթացից:

Ուշագրավն այն է, որ «Եղիշե Դերենիկի Հովսեփյան» ԱՁ-ն «Լեքսհաբ» ՍՊԸ-ի բաժնետեր և տնօրեն Պավել Թադևոսյանի մորեղբոր որդին է: Պավել Թադևոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մորեղբոր որդու հետ պայմանավորվածություն չի եղել, պարզապես նկատել են հայտարարությունը և որոշել մասնակցել գնման գործընթացին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գնումների համակարգման բաժնի պետ Կարեն Բաբախանյանը նշեց, որ երկու անգամ հայտարարվել է գնման ընթացակարգ, սակայն ընդհանրապես մասնակից չի եղել: Երրորդ անգամ նոր միայն եղել են վերը նշված 3 մասնակիցները: Երեք մրցույթներն էլ հայտարարվել են մեկ ամսվա ընթացքում:

 

 

«Քանի որ նույն չափաբաժնի մասով երկու մասնակից չկար, յուրաքանչյուրը տարբեր չափաբաժինների համար էին դիմել, ըստ էության, բանակցություն չէր կարող լիներ: Երկու չկայացածի պատճառով գնման ընթացակարգը բավականին ուշացավ և արդեն դեկտեմբեր ամիսն էր, շատ կարճ ժամկետ էր մնացել: Մյուս երկու մասնակիցներն ուղղակի փաստաթղթեր չհասցրին ներկայացնել, որպեսզի նրանց հետ պայմանագիր կնքվեր»,- ասում է Կարեն Բաբախանյանը՝ հավելելով, որ իրենք այլընտրանք չեն ուեցել ժամկետի առումով, ստիպված էին կարճ ժամանակահատված ընտրել, որպեսզի տարին չավարտվեր:

Կարեն Բաբախանյանը նշեց, որ հայտ ներկայացրած մասնակցին հրավիրել են բանակցության, առաջարկել են նվազեցնել գինը, սակայն, չի համաձայնվել, իրենք էլ օրենսդրությամբ առաջնորդվելով, կնքել են պայմանագիրը:

«Անձամբ իմ մոտ տները թանկ գնելու մտավախություն կա, բայց ես ի՞նչ անեմ, օրենքով եմ առաջնորդվել»,- հավելեց Կ. Բաբախանյանը: Նախարարության պաշտոնյան ասաց, որ իրենք կնախընտրեին, որպեսզի մրցույթին մասնակցեին հենց ֆիզիկական անձինք՝ տան սեփականատերերը, սակայն նման առաջարկ չեն ստացել:

Ստորև ներկայացնում ենք «Լեքսհաբ» ՍՊԸ-ի հետ կնքված երկու տների վերաբերյալ տեղեկությունները և գնված երրորդ տան պատմությունը:

Տուն 1. Արմավիրի մարզ գյուղ Ակնաշեն

Ակնաշեն գյուղը Երևանից հեռու է ընդամենը 30 կմ: Գյուղի Թումանյան փողոցում է գտնվում այն երկհարկանի տներից մեկը, որն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գնել է ծերերի խնամքի համար:

Նախարարության կարիքների համար «անշարժ գույքի մատակարարման» պայմանագիրը կնքվել է 2019թ. դեկտեմբերի 19-ին: Մատակարարը «Լեքսհաբ» ՍՊԸ-ն է: Պայմանագրի համաձայն՝ տան բնակելի տարածքը 282 քմ է, հողամասի մակերեսը՝ 870 քմ: Ունի 10քմ գոմ, 9,1քմ թոնրատուն, 4,5քմ կաթսայատուն: Սակայն, 2020թ. փետրվարի 18-ին տրված սեփականության վկայականի տվյալներով, բնակելի տան քառակուսին 289,9մ է, անասնաշենքը՝ 9,2քմ, թոնրատունը՝ 7.9քմ, իսկ կաթսայատունը՝ 3,7: Ըստ կադաստրային գործի տվյալների, տունը կառուցվել է 1988թ-ին:

 

 

2016թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ տան կադաստրային արժեքը կազմել է մոտ 7 մլն 866 հազար դրամ, իսկ հողամասինը՝ 7856 դրամ: Դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագրով տունը և տնամերձ հողամասը ձեռք է բերվել 26 մլն 950 հազար դրամով, այսինքն՝ ընդամենը 50 հազար դրամ պակաս նախարարության առաջարկած առավելագույն գնից:

Տունն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանել է 4 անձի, որոնց անունից, առուվաճառքի պայմանագիր կնքելիս հանդես է եկել «Լեքսհաբ» ՍՊԸ-ի տնօրեն Պավել Թադևոսյանը:

Երբ այցելեցինք Ակնաշեն, որպեսզի տեսնենք նախարարության կարիքների համար գնված տունը, ոչ համայնքապետարանում, ոչ տան հարևանությամբ ապրող բնակիչները չգիտեին, որ տունը վաճառված է և այնտեղ ծերեր են ապրելու: Տան դռները փակ էին: Հարևանները պատմեցին, որ սեփականատերերն այդ տանը չեն ապրել, հաճախ գտնվել են Ռուսաստանում: Նկատեցինք, որ տան պատուհանները փայտից են, տանիքն ունի վերանորոգման կարիք: Հարևանների ասելով՝ բնակելի հատվածում ևս վերանորոգման կարիք է զգացվում:

Տուն 2. Արմավիրի մարզ գ. Մրգաստան

Նույն սկզբունքով «Լեքսհաբ» ՍՊԸ-ն նախարարությանը մատակարարել է Մրգաստան գյուղի 7-րդ փողոցի երկհարկանի տունը: Գյուղը գտնվում է Երևանից մոտ 26 կմ հեռավորության վրա:

Ըստ մատակարարման պայմանագրի՝ Մրգաստանի ծերերի խնամքի տունն ունի 370,9 քմ ընդհանուր մակերես, 1730 քմ մակերեսով հողատարածք. 2 սանհանգույց, օժանդակ կառույցներ: Ըստ կադաստրային փաստաթղթերի, տունը կառուցվել է 1995 թ-ին:

2016թ. հուլիսի 1- ի դրությամբ այս բնակելի տան կադաստրային արժեքը կազմել է 3 մլն  25 հազար դրամ, իսկ տնամերձ հողամասինը՝ 24 հազար 514 դրամ: Սակայն, առուվաճառքի պայմանագրով նախարարությունը տունն ու հողամասը գնել են 26 մլն 730 հազար դրամով՝ 270 հազար դրամով պակաս նախարարության առաջարկած առավելագույն գնից:

 

 

Մրգաստանի համայնքապետարանում ևս չգիտեին, որ իրենց գյուղի հաշվառում ունեցող, սակայն ոչ մշտական բնակություն հաստատող Ա. Մարտիրոսյանը տունը վաճառել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Իսկ հարևանները լսել էին, որ տունը վաճառվում է, նույնիսկ մոտավոր գին էին իմացել՝ 35-40 հազար դոլար, սակայն չգիտեին, որ տունն արդեն վաճառվել է ու թանկ գնով, և այն ծառայելու է որպես ծերերի խնամքի տուն:

Հեռախոսազանգով կապ հաստատեցինք նաև Ա. Մարտիրոսյանի հետ, որպեսզի տեղեկանանք, թե ինչ արժեքով է տունը վաճառել: Լսելով հարցը պատասխանեց, թե վատառողջ է, չի կարող խոսել:

Հարևանների և համայնքապետարանի աշխատակցի հետ այցելեցինք նախարարության կարիքների համար գնված տան տարածք: Արտաքինից արդեն զգացվում էր, որ այն խիստ վերանորոգման կարիք ունի: Պատուհանները փոխված չէին՝ հին էին ու փայտից: Տեղ-տեղ բացակայում էին նույնիսկ ապակիները և դրանց փոխարեն փակցված էին պոլիէթիլենային տոպրակներ: Իսկ տանիքն արդեն վնասված էր: Ազբեստե շիֆերները տեղ-տեղ կոտրված էին, իրարից հեռացած։

 

 

Առաջին հարկը, որն ավելի շատ կիսանկուղ էր հիշեցնում, անխնամ տեսք ուներ, վերածվել էր «աղբանոցի»: Խոնավությունից թափված էր պատերի, առաստաղի ծեփը, վնասված էր հատակը: Թափված էր նաև երկրորդ հարկի բաց պատշգամբի գաջը: Բացի այդ, պատշգամբը և առաջին հարկից բարձրացող աստիճանները չունեին նորմալ բազրիքներ: Վերևից չընկնելու համար, իբրև պատնեշ, պատշգամբի եզրերին ամրացված էին ազբեստե շիֆրեր:

 

 

Առաջին հարկում թեև կար սանհանգույցի համար նախատեսված տեղեր, սակայն, միայն դատարկ պատերն էին: Ստացվում է, թղթով երևում է սանհանգույց, սակայն, իրականում այն չկա: Հարևանները պատմեցին, որ ներսում վիճակը ևս բարվոք չէ, տունը վերանորոգման կարիք ունի:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել