Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, Բաքվում է պատրաստվել․ Դավիթ Բաբայանը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մասին
 |factor.am|
20:35 - 11 հունիսի, 2020

Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, Բաքվում է պատրաստվել․ Դավիթ Բաբայանը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մասին |factor.am|

factor.am: Բաքուն փորձում է ընդլայնել իր լոբբինգի շրջանակը։ Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, պատրաստվել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահականում կամ ԱԳ նախարարությունում։ Մեկնաբանելով Եվրախորհրդարանի պատգամավորների տարածած հայտարարությունը՝ նման կարծիք հայտնեց արտաքին քաղաքականության գծով Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Եվրախորհրդարանի պատգամավորները, հիշեցնենք, տարածած հայտարարությունում անդրադառնալով Հայաստանն Արցախին կապող երրորդ մայրուղու շինարարության ծրագրին՝ այն միջազգային իրավունքի խախտում են որակել։

«Սա սուբյեկտիվ կարծիք է։ Իհարկե՝ լավ է, որ ընդամենը երկու-երեք պատգամավոր է, այն էլ՝ ըստ երևույթին, նրանք շատ սերտ կապեր ունեն ադրբեջանական լոբբինգի հետ, նաև սեր ունեն խավիարի նկատմամբ։ Մի՞թե որևէ այլ կարևոր հարց չկա այդ պատգամավորների համար, որևէ տագնապալի զարգացում տեղի չի ունենում ո՛չ Կովկասում, ո՛չ տարածաշրջանում, ո՛չ աշխարհում, որ ամեն ինչ թողած՝ անցել են Հայաստան-Արցախ երրորդ մայրուղուն»,- տարակուսում է Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ եթե եվրոպացի պատգամավորներն այդքան մտահոգ են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման մասին, ինչո՞ւ են պապանձվում, երբ Իլհամ Ալիևը հայտարարություններ է անում Հայաստանի մասին։

«Երբ մի երկրի ղեկավարը տարածքային հավակնություններ է ներկայացնում հարևան պետությանը, ասում է, որ Երևանը ադրբեջանական քաղաք է, որ այն նվիրել են հայերին և երբևէ չեն համակերպվելու այս կորստի հետ։ Մի կողմ թողնենք պատմական իմաստով անհեթեթությունները, երբ մի ժողովուրդ, որը 1900-ականներին է ձևավորվել, խոսում է 3000-ամյա քաղաքի մասին։ Հարցն այն է, որ ինքն այդպիսի նման բացեիբաց հայտարարությունների միջոցով ուղերձներ է ներկայացնում աշխարհին։ Իսկ սա իսկապես խարխլում է կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում և հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ինչո՞ւ էին նույն այդ պատգամավորները պապանձված, երբ ադրբեջանցիները կաշառեցին հունգարացիներին և Ռամիլ Սաֆարովին՝ այդ հանցագործին և մարդասպանին, հասցրեցին Բաքու, հերոսացրեցին և ազատ արձակեցին։ Ո՞ւր էին նրանք»,- հայտարարեց Արցախի նախագահի խորհրդականը։

Դավիթ Բաբայանն ի գիտություն եվրոպացի պատգամավորների շեշտեց՝ այս ծրագիրը որևէ վտանգ, ագրեսիա չի պարունակում, այն զուտ մարդասիրական, տնտեսական և պաշտպանական նշանակություն ունեցող ծրագիր է։

Կարծիք հայտնելով, որ Բաքուն պարզապես փորձում է ընդլայնել իր լոբբինգի շրջանակը, Դավիթ Բաբայանն ասաց․ «Այդ փաստաթուղթը, ըստ երևույթին, պատրաստվել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահականում կամ ԱԳ նախարարությունում։ Խնդիրն այն է, որ իրենք ունեն ադրբեջանամետ կամ, այսպես ասած, ադրբեջանական և թուրքական լոբբինգի ազդեցության ներքո գտնվող պատգամավորների շրջանակ։ Մենք չպետք է վհատվենք, բայց սա թող լինի ևս մեկ ազդանշան, որ մենք որևէ կառույցի վրա հույս չպետք է դնենք։ Սա ևս մեկ ահազանգ է, որ Ադրբեջանը չի փոխվում, և մենք միշտ պետք է սթափ լինենք»։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել