Մենք առաջ ենք շարժվում խաղաղության դիսկուրսով, բայց պատրաստ ենք պատերազմի սցենարի ևս. «Իմ քայլի» պատգամավոր |tert.am|
11:27 - 08 հոկտեմբերի, 2019

Մենք առաջ ենք շարժվում խաղաղության դիսկուրսով, բայց պատրաստ ենք պատերազմի սցենարի ևս. «Իմ քայլի» պատգամավոր |tert.am|

tert.am: Կեղծ են մամուլում շրջանառվող տեսակետները, թե Արցախյան բանակցություններն անարդյունավետ են, և այդ պատճառով է սահմանային իրավիճակը սրվել: Այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

«Մենք առաջ ենք քաշում օրակարգ, որը նախ ենթադրում է փոխվստահության մեխանիզմներ, ատելության խոսքի բացառում, այնուհետև Արցախի վերադարձ բանակցությունների սեղան և հետո հետագա գործընթաց: Բնականաբար, Ադրբեջանը, որը տարիներ շարունակ ռազմատենչ քաղաքականություն է վարում, հայտարարություններ է անում, համապատասխան գործողություններ է անում, չէր պատրաստվում մեկ-երկու օրում փոխել իր գործելաոճը:

Պարզապես ելնելով միջազգային իրավիճակից, ՀՀ-ի շուրջ հեղափոխությունից հետո ստեղծված իրավավիճակից, ընդհանուր առմամբ վարչապետի, արտաքին գործերի նախարարի վարած քաղաքականությունից, իրենց երկրում որոշակի պրոցեսներից՝ փոքր-ինչ ավելի զուսպ էին պահում, բայց բնական էր, որ այդ ամենը երևույթ է, որ ինչ-որ պահի կարող է փոխվել, որովհետև Ադրբեջանը երբևիցե չի հրաժարվել հարցի «լուծման» ռազմատենչ նպատակներից, և զարմանալի է, որ մենք շարունակում ենք զարմանալ»,-նշեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե զարմանալի չէ, որ քաջ գիտակցելով, թե ինչպիսի հակառակորդ ունենք, և ինչպիսի վարքագիծ է դրսևորում, այդպիսի բանաձև ենք հնչեցնում, նա ասաց. «Բնականաբար զարմանալի չէ, որովհետև ի սկզբանե հայտարարել ենք խնդրի խաղաղ կարգավորման, լուծման կողմնակից ենք, այդուհանդերձ դա չի նշանակում լուծում ցանկացած գնով, դա նշանակում է մեզ համար կարևոր խնդիրների ամրագրում, ինչպիսին է Արցախի անվտանգությունը և կարգավիճակը»:

ԱԺ պատգամավորը վստահ է՝ սահմանին Ադրբեջանի սադրանքներին կտրվի արժանի պատասխան: Նա նշեց նաև, որ հայկական կողմը պատրաստ է պատերազմի սցենարին ևս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել