Հնարավորություն ունենք լուծելու ՔԿՀ-ներում տարիներ շարունակ արմատացած խնդիրները. փոխնախարար
13:37 - 15 նոյեմբերի, 2019

Հնարավորություն ունենք լուծելու ՔԿՀ-ներում տարիներ շարունակ արմատացած խնդիրները. փոխնախարար

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը մասնակցել է «Մարտահրավերներ և բարեփոխումներ. Մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովին:

Վերջինի ընթացքում ամփոփվել են «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի արդյունքները:

Փոխնախարարն Արդարադատության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականություն դարձնելու համար, կարևորել լրագրողների դերն ու նշանակությունը փակ հիմնարկներում առկա խնդիրների վերհանման հարցում և շեշտել, որ լրագրողների, Դիտորդների խմբի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից բարձրացված խնդիրները Նախարարության ուշադրության կենտրոնում են: Այդ համատեքստում Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծումներն ամփոփված են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության նախագծում:

«Այսօր մենք հնարավորություն ունենք լուծելու տարիներ շարունակ արմատացած, քարացած խնդիրները, որոնք առկա են քրեակատարողական հիմնարկներում. կառուցելու ենք նոր ՔԿՀ-ներ, ապահովելու ենք պատժի կրման արժանապատիվ պայմաններ, իրականացնելու ենք վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներ, բարձրացնելու ենք դատապարտված և կալանավորված անձանց տրամադրվող բժշկական սպասարկման որակը:

Այսինքն, մոտ ապագայում հնարավորություն կունենանք իրականացնելու ՔԿՀ-ներում պահվող անձանց մասնագիտական պատրաստումը, այնուհետև՝ աշխատանքով ապահովումը»,- ասել է նախարարի տեղակալն ու կոչ արել գործընկեր հասարակական կազմակերպություններին հանդես գալ համապատասխան առաջարկներով ու ծրագրերով:

Համաժողովի շրջանակում Նախարարության Քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ու ներկայացրել ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Այնուհետև, Ծրագրի շրջանակում իրականացվող մեդիամրցույթի ընթացքում Արդարադատության նախարարի շնորհակալագրով է պարգևատրվել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության «Forrights.am» կայքի թղթակից Ռաֆիկ Ենգիբարյանը՝ բաց ռեժիմում պահվող դատապարտյալների կյանքին ու խնդիրներին անդրադառնալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել