lragir.am: «Ես տեսնում եմ մարդիկ, որ ինչպես Հայաստան-Ռուսաստան, Հայաստան –ԵՄ հարաբերություններում, այնպես էլ Հայաստան-Արցախ հարաբերություններում փորձում են կեղծ օրակարգեր ստեղծել և դրանով վնասել այն գործընթացներին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։

Նրա խոսքով՝ այդ կեղծ օրակարգերը չեն հաջողվելու, դրանք ինչ-որ մարգինալ խմբեր են, որոնք չունեն ժողովրդի աջակցությունը։ «Ես չգիտեմ՝ ովքեր են դա անում, բայց տեսնում եմ այդ երևույթները, որ ժամանակ առ ժամանակ հայտնվում են կեղծ նորություններ, կասկածելի մեկնաբանություններ, որոնք ուղղված են կեղծ խնդիրներ հրահրելուն։ Թե ով է դրա հետևում կանգնած, ես չգիտեմ։ Կարող եմ գուշակել, որ նախկին իշխանավորների հետ կապված ինչ-որ շրջանակներ են»,- ասաց նա։

Զոլյանը նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախի շուրջ, դա մեր միասնական խնդիրն է։ Եվ այստեղ ճիշտ չէ բաժանել Երևան-Ստեփանակերտ-Սփյուռք։ «Մենք բոլորս միասին ենք այդ գործում, և ցանկացած բան, որ լինում է, Երևանն ու Ստեփանակերտը միասին են պատասխանատվություն կրում դրա համար։ Արհեստական օրակարգեր մտցնելու գաղափարը չի հաջողելու։

Ընդհանուր առմամբ, եթե խոսենք պետական մարմինների մասին, հիմնականում զուսպ է հռետորաբանությունը։ Եվ ես չեմ կարծում, որ եթե ինչ-որ առանձին դեպքեր են լինում, երբ այս կամ այն արտահայտությունը կարող է ինչ-որն մեկին դուր չգալ, դրա հիման վրա չի կարելի հետևություն անել, որ ինչ-որ լուրջ կոնֆլիկտ կա Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև»,- հավելեց նա։