azatutyun.am։ Եվրամիության դեսպանները քննարկել են Ուկրաինայի քաղաքացիներին ռուսաստանյան անձնագրեր տրամադրելու հարցը և Եվրահանձնաժողովին հանձնարարել ուսումնասիրել նման անձնագրերով քաղաքացիների` Եվրամիություն մտնելու արգելքի հնարավորությունը։

Դեսպանները նաև քննարկել են եվրոպական նոր պատժամիջոցների սահմանման հարցն՝ ի պատասխան ռուսաստանյան իշխանությունների «անձնագրային քաղաքականության»:

Նոր պատժամիջոցներին առայժմ կողմ է միայն Եվրամիության յոթ անդամ երկիր:

Անցած ամիս Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով դյուրացվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու գործընթացը, որն այսուհետ կտևի ընդամենը երեք ամիս՝ դիմելու պահից սկսած:

Կիևն ու Արևմուտքը խստորեն քննադատել են Պուտինի հրամանագիրն՝ այն անվանելով սադրիչ քայլ։