armtimes.com: 2020 թվականի մարտի 16-ից մինչ ապրիլի 14-ը ՀՀ-ում գրանցվել է տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու 17 դեպք:

Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան՝ երեկ տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

17 դեպքերից 4-ով կազմվել են վարչական արձանագրություններ, 13-ով նախապատրաստվել են նյութեր: Նշենք, որ նախապատրաստված նյութերից 7-ը գտնվում են ընթացքի մեջ (1-ը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն), 1-ով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, իսկ 5-ով հարուցվել են քրեական գործեր մի խումբ անձանց կողմից խուլիգանության, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար (ՀՀ ՔՕ-ի  258-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին, 4-րդ, 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով):

Նշված 5 քրեական գործերն էլ, որոնց արդյունքում տուժել է 6 ոստիկան, գտնվում են Քննչական կոմիտեի վարույթում. դրանցից 2-ը քննվում են Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի բաժնում, 1-ական գործեր էլ՝ Սիսիանի, Մաշտոցի, եւ Վաղարշապատի քննչական բաժիններում:

Մալաթիայի բաժնում քննվող երկու քրեական գործերն էլ հարուցվել են ՔՕ-ի 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ):  Գործով անցնող քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, եւ դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ միաժամանակ թույլատրելով գրավի կիրառումը: Նրանցից մեկն ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց, իսկ մյուս քաղաքացին, որի գրավը դատարանի որոշմամբ սահմանվել էր 1.5 միլիոն դրամ, դեռեւս անազատության մեջ է  գումարը վճարել չկարողանալու պատճառով:

Սիսիանի բաժնում քննվող քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից խուլիգանության) եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Սա այն աղմկոտ միջադեպն է, որ տեղի է ունեցել ապրիլի 7-ին Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի եւ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարի մասնակցությամբ։ Հարությունյանը, ըստ Քննչական կոմիտեի, իր հորեղբոր որդու` Արմեն Հարությունյանի հետ խախտել է ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը եւ չի ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին։

Դրա համար եղբայրները հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին, ինչի մասին իմանալով` այնտեղ են հավաքվել նրանց մտերիմները. «Վերջիններս, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տեւական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով եւ մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթեւեկությունը խոչընդոտելով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավագանու անդամ Մարտին Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը հերքել էր ՔԿ-ի հաղորդագրությունը՝ պնդելով, որ Հարությունյանները ունեցել են տեղաշարժման թերթիկ եւ ոստիկանների նկատմամբ անօրինական գործողություն չեն իրականացրել: Նրա խոսքով՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը. Հարությունյանների նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանների, այդ թվում՝ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի կողմից:

Մուրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, սակայն, երեկ հայտարարեց՝ այդ պաշտոնին նշանակվելուց հետո ոստիկանապետի պաշտոնակատարը անհաշտ ու խիստ պայքար է մղել հանցավորության դեմ, բացահայտել մի շարք աղմկահարույց դեպքեր, խոշոր չափերի հասնող հափշտակություններ, եւ ըստ էության, իր այս սկզբունքային կեցվածքով անհաճո անձ է դարձել որոշ շրջանակների համար: Նրա խոսքով՝ ենթադրյալ բռնության մասին տեղեկություններ տարածողները ստեղծել են տպավորություն, թե Մուրադյանը սադիստ, մոլագար անձնավորություն է, որը, նստած իր աշխատասենյակում, սպասում է, թե ով պետք է գա բաժնի շենք, որպեսզի նրա նկատմամբ բռնություններ կիրառի:

Վահան Հովհաննիսյանի պնդմամբ՝ Արմեն եւ Մարտին Հարությունյանները չեն ունեցել տեղաշարժման թերթիկ, եւ երբ ոստիկանը նրանց տեղեկացրել է, որ պետք է իրականացվի վարչական վարույթ եւ կազմվի արձանագրություն, Հարությունյանները, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին, հեռացել են. «Կարճ ժամանակ անց նույն ավտոմեքենան կրկին վերադարձել է հենակետի մոտ, եւ այն ժամանակ, երբ ոստիկանը կանգնեցրել է ավտոմեքենան եւ հայտնել վարչական վարույթ իրականացնելու անհրաժեշտության մասին, Մարտին Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ողջ ոստիկանության՝ ի մասնավորի՝ նաեւ այդ ոստիկանի հասցեին եւ հայտարարել, որ շարունակելու դեպքում կիջնի եւ կապտակի նրան, որից հետո դարձյալ ավտոմեքենայով հեռացել են»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում