tert.am: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը:

Մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշեց, որ ճանապարհային քարտեզը հաստատված է, այն ստացել է վարչապետի որոշման տեսք և ճանապարհային քարտեզը՝ որպես հավելված, կցված է վարչապետի որոշմանը և ենթակա է կիրարկման ըստ ժամանակացույցի:

Հիմնական զեկուցող Մհեր Գրիգորյանն ասաց, որ ճանապարհային քարտեզով ամփոփել են այն միջոցառումները, որոնք Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ուժի մեջ են մտել այս պահին: Նա նշեց, որ 14 երկիր վավերացրել է այն, այսինքն` համաձայնագիրը 70%-վավերացված է:

«Ճանապարհային քարտեզը կներառի այն միջոցառումների ոլորտային հատվածները՝ մասնավորապես, էներգետիկ համակարգ, տրանսպորտ, շրջակա միջավայր, կլիմայի փոփոխություն, սպառողների պաշտպանություն, միգրացիա, կոռուպցիայի դեմ պայքար, դատական բարեփոխումներ, ժողովրդավարության ամրապնդում, մարդու իրավունքներ և առանձին ուժի մեջ մտած հատված ունենք, որը վերաբերում է առևտրին, դա էլ է բազմաբաղադրիչ հատված՝ սկսած պետական գնումներից»,- ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանն ասաց, որ հաջորդիվ սկսելու են ճանապարհային քարտեզի երկրորդ փուլը, որը վերաբերելու է առողջապահական հարցերին՝ կրթություն, սոցիալական ապահովություն և այլն: «Այսինքն՝ պետք է պատրաստ լինենք, որ բավականին բարդ ոլորտների մասին ճանապարհային քարտեզի դիզայն անենք նաև իրավական ակտերի աշխատանքները սկսենք»,- ասաց փոխվարչապետը:

Նա նշեց, որ մինչև հիմա 12 նիստ են անցկացրել, որի աշխատանքներով էլ ձևավորվել է աշխատանքային քարտեզը: «Այս ճանապարհային քարտեզը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված, ըստ էության, մեր իտնեգրման գործընթացի հետ կապված ծածկում է միջոցառումների 70 տոկոսը, որը ենթադրում է մոտ 200 միջոցառում»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց փոխվարչապետից, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է ֆինանսավորվելու վերը նշված 70 տոկոսի կիրարկումը։ Ի պատասխան փոխվարչապետը նկատեց, որ ֆինանսավորումը բազմաղբյուր է լինելու։ «Ֆինանսավորման աղբյուրները նշմարվում են, բայց դրանք մեկ աղբյուր չեն լինի։

Ճանապարհային քարտեզի հետ կապված միջոցառումների իրականացման ֆինանսավորման աղբյուրը լինելու են պետական բյուջեն, դոնորների հատկացումը, դոնորների արտաքին վարկային միջոցները և ԵՄ աջակցությունը։ Մոտավորապես այս չորս աղբյուրի շրջանակում տեղի կունենա իմպլեմենտացիան», - ասաց նա։

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ նշեց, որ այս ճանապարհային քարտեզով նախատեսված շատ միջոցառումների արդյունավետությունը կախված է նաև քաղաքացիների աջակցությունից: Նրա խոսքով՝ պետք է մարդկանց հետ տանել աշխատանք, իրազեկենք, տեղեկացնենք նրանց ծրագրի մասին:

Մհեր Գրիգորյանն էլ արձագանքեց, որ այս բարեփոխումներին, նախևառաջ, հասարակությունը պետք է պատրաստ լինի: «Շատ դեպքերում, եթե ուզում ենք կյանքի որակը լավանա պետք է ստանդարտները խստացվեն, տեխնիկական ստանդարտների խստացումը միանշանակ չի ընկալվելու, այստեղ թե՛ դուք, թե՛ մենք անելիք ունենք, պետք է սերտ համագործակցենք, որ մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում: Օրինակ՝ այն ավտոմեքենաների պարկը, որ մենք ունենք այդ պարկով երթևեկության կանոնների եվրոպական ստանդարտ սահմանելը անհնարին է լինելու: