Հնարավոր չէ չափել Հայաստանի ռուսական բազայի բեռը |epress.am|
10:06 - 09 նոյեմբերի, 2019

Հնարավոր չէ չափել Հայաստանի ռուսական բազայի բեռը |epress.am|

epress.am:  Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան փաստացի դուրս է հանրային վերահսկողությունից, իսկ ռազմաբազայի վերաբերյալ առանցքային տեղեկությունները պահվում են գաղտնի։

Այս մասին են վկայում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված՝ «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» հետազոտության արդյունքները։

Ինչպես նշվում է ՀՔԱՎ-ի զեկույցում, որի ներկայացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ին Երևանում, ՀՀ տարածում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական միջպետական պայմանագրերով ու համաձայնագրերով հայկական կողմը չունի ռազմաբազայի գործունեության նկատմամբ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնելու մեխանիզմներ։

Ընդ որում, ՀՀ կողմից ռուսական ռազմաբազայի պահպանման համար հատկացվող միջոցները համարվում են գաղտնի տեղեկություններ, և հանրությունը ծանոթ չէ դրանց նույնիսկ ընդհանուր չափին։ Սա հատկապես ուշագրավ է այն համատեքստում, որ, օրինակ, ՀՀ պաշտպանական բյուջեի ընդհանուր չափը հայաստանյան հանրության համար հայտնի է, ուստի և առկա է որոշակի վերահսկողություն։

Ռուսական ռազմաբազայի պահպանման համար ՀՀ կողմից հատկացվող միջոցները, սակայն, ֆինանսական միակ «անորոշությունը» չեն։ Հայ-ռուսական պայմանագրերով, ՀՀ տարածքում ռուսական ստորաբաժանումների տեղակայման համար հատկացված տարածքները տրամադրվում են անվճար։ Ինչպես նշվում է ՀՔԱՎ-ի զեկույցում, չի գնահատված նաև տարածքների օգտագործման դիմաց ենթադրյալ վարձակալության վճարների չափը։

Հետևաբար, հնարավոր չէ գնահատել, թե ՀՀ տարածքում ՌԴ զինվորական ստորաբաժանումների գործունեության համար ինչքան է վճարվում ՀՀ բյուջեից, և ընդհանրապես` ֆինանսական ինչ բեռ է կրում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում ՌԴ ստորաբաժանման պահպանման և տարածքների օգտագործման համար։

Սրա հետ մեկտեղ, հարկ է արձանագրել, որ առանձնակի մտահոգիչ են մնում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի քննության հետ կապված հարցերը՝ սկսած ամենաաղմկոտ ու ողբերգական սպանությունների դեպքերից, վերջացրած ավելի փոքր միջադեպերով, երբ, օրինակ, ռուսական կողմի պատճառով նյութական վնասներ են կրում հայ գյուղացիները։ ՀՔԱՎ-ի զեկույցում, այս մասով, ներկայացված են այն բոլոր հայտնի միջադեպերը, որոնք տեղի են ունեցել ռուս զինծառայողների մասնակցությամբ՝ սկսած 1992 թվականից։

Ընդհանուր առմամբ, զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ ՀՀ կողմից ռուսական բազայի և սահմանապահ զորքերի գործունեության նկատմամբ մշտադիտարկման և վերահսկողության մեխանիզմների բացակայությունը հանգեցնում է ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը, և բացակայում են այդ խախտումների դիմաց համաչափ փոխհատուցման մեխանիզմները։

Նյութն ամբողջությամբ՝ epress.amhttps://epress.am/2019/11/09/%d5%b0%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%b9%d5%a7-%d5%b9%d5%a1%d6%83%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6.html։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել