Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
21:04 - 30 ապրիլի, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ

 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն, ի թիվս այլ արտադրական ընկերությունների, այցելել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան:

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է արտադրամասերով, ծանոթացել ընկերության գործունեությանը, տեխնոլոգիական հնարավորություններին և արտադրության պայմաններին:

«Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել գործարանի տնօրինության հետ: Քննարկվել են ընկերության զարգացման հնարավորությունները, առկա մարտահրավերներն ու վերջիններիս լուծման ուղիները: Անդրադարձ է կատարվել գործարանի առաջիկա նախաձեռնություններին և ծրագրերին: Հանրապետության նախագահն ընդգծել է խոշոր արդյունաբերական ձեռնարկության բնականոն գործունեության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այնուհետև նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»: Հանրապետության նախագահը շրջել է ֆաբրիկայի արտադրամասերով և ծանոթացել ոսկյա և արծաթյա զարդերի արտադրության ամբողջական ցիկլին՝ սկսած ձուլակտորների մշակումից մինչև վերջնական արտադրանքի ստացում: Նախագահն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ֆաբրիկայում կիրառվող էկոլոգիական պաշտպանության համակարգերին և նորագույն տեխնոլոգիական լուծումներին:

Նշվում է, որ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» այցելությունից հետո նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, որտեղ աշխատանքային քննարկում է ունեցել ընկերության տնօրինության հետ:

«Սինոփսիս Արմենիա»-յի տնօրեն Հովիկ Մուսայելյանը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել կազմակերպության ընթացիկ ծրագրերի և գործունեության վերաբերյալ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության և հարակից ոլորտներում ընկերության ձեռքբերումներին և հաջողություններին, ինչպես նաև քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը կարևորվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների և հայաստանյան բարձրագույն կրթական հաստատությունների գործառնական համագործակցությունը և մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնումը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Ռուսալ Արմենալ», «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» և «Սինոփսիս Արմենիա» ընկերություններ կատարած շրջայցերի արդյունքներն ամփոփել է համառոտ ճեպազրույցով:

«Առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում հատկապես վերամշակող արդյունաբերությանը և արդյունաբերության մեջ վերամշակող արդյունաբերության տեսակարար կշռին: Համաձայն հունվար-փետրվար, հունվար-մարտ ժամանակահատվածի թվերի՝ այդ բնագավառում 30 տոկոս տնտեսական աճ է եղել: Այդ արդյունաբերության մեջ տնտեսական աճի հիմնական ապահովող ճյուղը ոսկերչությունն ու ադամանդագործությունն է: Նաև կարևոր է արտադրական կարողությունների նկատմամբ հետաքրքրությունը, թե ինչքանով ենք մենք պայմաններ ստեղծել տնտեսության մեջ, որպեսզի ներդրումներ կատարվեն հենց կոնկրետ արտադրության մեջ»,- նշել է նախագահը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել