Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

«Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններ լավ չեմ պատկերացնում». Վահագն Ալեքսանյան

«Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններ լավ չեմ պատկերացնում». Վահագն Ալեքսանյան

Հանրապետության ղեկավարը մշտական երկխոսության մեջ է ՀՀ ժողովրդի հետ, բայց թե Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ երկխոսության գնալը ինչ իմաստ ունի՝ մեծ հաշվով լավ չեմ հասկանում։ Իմ տպավորությամբ, «Հայրենիքի փրկության շարժման», «Դիմադրության» շարժման նույն անձնակազմը, ինչքան հասկացա նաև նույն քանակով իրագործում են իրենց սահմանադրական իրավունքը, շատ լավ։ Մի քանի անգամ շարժում են արել, հիմա էլ էլի նույն մարդկանցով երրորդ կամ չորրորդ անգամ շարժում են անում․ իրենց սահմանադրական իրավունքն է։  Այն հարցին, թե արդյոք վարչապետը չի գնա Բագրատ Սրբազանի հետ երկխոսության, Ալեքսանյանը պատասխանեց, որ իրավասու չէ վարչապետի անունից հայտարարություններ անել, սակայն շեշտեց, որ նման երևույթ՝ ինչպիսին Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններն է, լավ չի պատկերացնում։ Հրապարակում հնչած այն կարծիքին, որ Փաշինյանը ձախողել է 2021 թվականի նախընտրական խոստումները, և հիմա Կիրանցի և հարակից գյուղերի բնակիչներին պատերազմի սպառնալիքի տակ ստիպում է գնալ սահմանազատման, Ալեքսանյանն արձագանքեց․ «Նախ կհորդորեմ, որ Բագրատ Գալստանյանը խոսի միայն իր հովանավորների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ այլ գործիչների անունից, այլ ոչ թե Հայաստանի տարբեր գյուղերի բնակիչների։ Եվ երկրորդն էլ, եթե պարոն Գալստանյանը ուզում է տեսնել ձախողում բառի վառ արտահայտումը, ապա կարող է նայել իր հովանավորների դեմքին»։
19:37 - 09 մայիսի, 2024
Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան

Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ելույթով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հանրահավաքը։ Բագրատ արքեպիսկոպոսը ելույթը սկսեց իրենց կարգախոսի վանկարկումներով՝ «Հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված»։ Հանրահավաքի մասնակիցները նրա հորդորով սկսեցին երգել Հայաստանի Հանրապետության օրհներգը, ապա արտասանեցին Տերունական աղոթքը։ «Այս պայծառ օրը, երբ մեր զգացումները խառն են, մայիսի 9-ը՝ մեր երբեմնի Եռատոնը, մեզանից գողացված ուրախության մեջ, այս անպատվության ժամանակներում, մենք միասին հավաքվել ենք՝ վերստին հաստատելու և ասելու, որ ոչինչ եւ ոչ ոք՝ ո՛չ երկնքում, եւ ո՛չ երկի վրա, ո՛չ իշխանություններ, և ո՛չ պետություններ, ո՛չ որևէ տեսակի ուժ, չի կարող հայոց փառավոր հոգին ընկճել։ Մենք այս գյուղերում հռչակեցինք, որ հոգին հաղթել է դուխին, և հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին»,- շեշտեց Սրբազանը։ «Մենք Տավուշից ենք գալիս՝ Հայաստանի դարպասներից, պատվով ժողովրդից՝ դեպի պատվով քույրեր ու եղբայրներ», - ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով մարդկանց, որոնք միացել են, մասնակցել, այցելել Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, ինչպես նաև լրագրողներին ու ոստիկաններին։ Բագրատ Սրբազանն իր ելույթում նշեց՝ առաջին հաղթանակն են գրանցել․ «Առանց որևէ խոչընդոտի ուզում էին սահմանազատման, այսպես ասած, վերջին քարերը դնել, լուրը ստացանք երեկ, որ վերջին այդ քարերը սահմանագծման, այսպես կոչված, չեն դրել։ Կասեցվել կամ դադարեցվել է այդ գործընթացը՝ ի շնորհիվ այս ժողովրդի պայքարի և այդպես լինելու է բոլոր հանգրվաններում։ Մենք եկել էինք մի պահանջով՝ պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար, ստել, խաբել, մոլորեցրել և հետո այդ բոլորի վրա ահաբեկել ու սպառնացել ժողովրդին։ Մենք եկել էին պատասխանը պահանջելու այդ սպառնալիքների, մեր էն փոքրիկ Գոհարիկի արցունքների, հերոսական Մհերի արցունքների, պահանջելու այդ պատասխանը և ժամանակ տալու՝ դադարեցնելու այս մկիակողմանի, ապօրինի, հակասահմանադրական, հակամարդկային, հակաբարոյական գործընթացը։ Մենք դեմ չենք եղել ո'չ խաղաղությանը, ո'չ սահմանազատմանը, ոչ էլ սահմանագծմանը, բայց այն ինչ տեղի է ունենում այս միջոցով, միակողմանի, ծնկած զիջելով, անընդունելի էր մեզ համար։ Աշխարհում չկա նախադեպը ուժի սպառնալիքի ներքո զիջել ու երաշխիք չտալ, որ պատերազմ չլինի։ Մենք չենք պատերազմի. հրձիգը, պատերազմ հրահրողն էլ եք դուք, պատերազմը կառավարելու անկարողն էլ եք դուք, պայմանավորվողն էլ եք դուք։ Մենք հստակ, արժանապատիվ խաղաղություն ենք ուզում, պատվով խաղաղություն»։ Սրբազանը ներկայացրեց նաև իրենց պահանջը․  «Այս կառավարությունը, իրենց ղեկավարի գլխավորությամբ, ծայրից- ծայր ձախողել են երկրի կառավարումը, քանդել են ամբողջ անվտանգային համակարգը՝ ֆիզիկական իմաստով, առաջին օրվանից թիրախավորել են եկեղեցին, հարված են հասցրել մեր ինքնության կարևոր հիմնասյուներին։ Եվ հաջորդը՝ ցեղասպանության գաղափարի ժխտումը։  Քայքայել են կրթական համակարգը։ Այսօր մեր դպրոցներում՝ պատանինների շարքերում առատացրել են թմրանյութերի առկայությունը՝ սերունդին զրկելով մտածելու կարողությունից, սպառնալիք դառնալով գալիք սերունդի համար։  Ձախողել են բոլոր ուղղություններով, արտաքին հարաբերությունների մեջ՝ չկա մի սեղան, որտեղ Հայաստանը ասելիք ունենա։ Եվ ամենակարևորը՝ Արցախ աշխարհը, չկա։ Հայրենքիը կորցնում, հետո ասում են իրական Հայաստանը պետք է տեսնել։ Իրական Հայաստան էր Արցախը, ավելի իրական, քան կարող էիք պատկերացնել։  Նայեք ՀՀ սահմանները, քանի հարյուր քառակուսի կիլոմետր  է նվաճված թշնամու կողմից, որը չի էլ պատրաստվում դրանք վերադարձնել։  Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու: Ես պատրաստ եմ, այս մեկ ժամվա ընթացքում հանդիպելու և քննարկելու հեռանալու բոլոր պայմանները։ Դուք այլևս Հայաստանում որևէ իշխանություն չունեք և ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից»։
18:43 - 09 մայիսի, 2024
Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով

Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է՝  Պուտինն ու Փաշինյանը երեկ համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ՌԴ զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, սակայն հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին:  «2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականները և սահմանապահները տեղակայվեցին մի շարք հայաստանյան մարզերում: Փաշինյանն ասել է, որ այսօր՝ պայմանների փոփոխությամբ պայմանավորված, այլևս նման անհրաժեշտություն չկա, ուստի նախագահ Պուտինը համաձայնել է, և համաձայնեցվել է մեր զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ Կրկին հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին և կշարունակեն կատարել իրենց գործառույթները»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս»-ին: Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված կետերից, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանից։  
14:52 - 09 մայիսի, 2024
Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը

Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  ՌԴ նախագահն իր խոսքում նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ շատ ուրախ եմ ողջունել Ձեզ Մոսկվայում: Մենք ունեցանք հոբելյանական գագաթնաժողով, լրացավ ԵԱՏՄ-ի տասնամյակը, բոլոր երկրների համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի համար դրական նշանակություն ունի համագործակցությունն այդ միջազգային կազմակերպության շրջանակում: Հայաստանի համար առևտրաշրջանառության ավելացումը ԵԱՏՄ երկրների հետ 2015 թվականից զգալի է եղել` 14 անգամ: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք ևս զարգանում են հաջողությամբ: Մենք առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը: Նախորդ տարվա ընթացքում առևտրաշրջանառության աճը զգալի է եղել, ինչը կապված է ձեր կողմից արտահանման աճի հետ մեր երկիր: Առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև կազմել է ավելի քան յոթ միլիարդ դոլար, նման ծավալ մեր առևտրատնտեսական կապերում երբեք չի եղել: Իհարկե, կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության աճի հետ կապված, կան հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում անվտանգությանը, այժմ բաց ռեժիմով դրանք չենք քննարկի, բայց կա հնարավորություն ԵԱՏՄ աշխատանքի հարթակում խոսել մեր հարաբերությունների ողջ համալիրի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության հարցերին անդրադառնալ: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»:Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է. «Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի: Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Վերջին անգամ մենք հանդիպել ենք դեկտեմբերին, այս ընթացքում, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել: Իհարկե, տնտեսական հատվածն արդեն քննարկել ենք նիստի ընթացքում, և վստահ եմ, որ այժմ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերը, տարածաշրջանային հարցերը: Ես ևս ուրախ եմ Ձեզ տեսնել»:
09:51 - 09 մայիսի, 2024
Պետական դավաճանության հոդվածով քանի՞ դատապարտված կա․ Փաշինյանի ասուլիսի հետքերով
 |civilnet.am|

Պետական դավաճանության հոդվածով քանի՞ դատապարտված կա․ Փաշինյանի ասուլիսի հետքերով |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ 2020-ից հետո պետական դավաճանության հոդվածով հարուցված գործերին։ «2020 թվականից հետո տասնյակ մարդիկ պետական դավաճանության հոդվածով, տասնյակներ ձերբակալվել են, կալանավորվել են և ենթադրում եմ՝ նրանց մեծ մասն արդեն դատապարտյալի կարգավիճակ ունի»,- պնդում արեց նա։ Լրագրողը վարչապետին հարց ուղղեց, թե ինչպես է ստացվում, որ քաղաքական իշխանությունն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է դավաճանների, գործակալների մասին, որոնք գործում են ՀՀ շահերի դեմ, սակայն իրավապահ համակարգը դրանց հիման վրա վարույթներ չի նախաձեռնում՝ դրանք որակելով քաղաքական հայտարարություններ։ Պետական դավաճանության հոդվածով վարույթները՝ 2020-ից ի վեր Դատախազությունից ստացված տվյալների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության դեպքերով 2020 թվականին հարուցվել էր մեկ քրեական գործ, որի նախաքննությունը փոխանցվել է 2021 թվական: 2021 թվականի ընթացքում քննվել էր չորս գործ, որոնք մեղադրական եզրակացությամբ դատարան էին ուղարկվել։ Դրանցով դատի էր տրվել 5 անձ, որոնցից 4-ը գտնվել են կալանքի տակ: 2022 թվականի ընթացքում ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հոդվածով քննվել է 17 քրեական վարույթ, որից 10 քրեական գործ 17 անձի վերաբերյալ, որոնք գտնվել են կալանքի տակ, ուղարկվել է դատարան: Նշենք, որ մինչև 2022-ի վերջ դատարան ուղարկված քրեական գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր առկա չէին։ 2023 թվականի ընթացքում քննվել է պետական դավաճանության դեպքերի առթիվ նախաձեռնված 16 քրեական վարույթ, որից 1 քրեական վարույթ կարճվել է արդարացնող հիմքով: 3 քրեական վարույթ 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նույն տարում դատարանում ավարտվել է 2 քրեական գործ 2 անձի նկատմամբ։ Կայացված մեղադրական դատավճիռներով վերջիններս դատապարտվել են ազատազրկման։ Ինչ վերաբերում է 2024-ին, ապա մայիսիի 8-ի դրությամբ պետական դավաճանության հոդվածով նախաձեռնվել է 2 քրեական վարույթ։ «Ներկայումս նախաքննություն է իրականացվում երեք քրեական վարույթներով։ 2024 թվականի դրությամբ դատարաններում քննվում են պետական դավաճանության հոդվածով (Քրեական օրենսգրքի 418-րդ հոդված, նախորդ օրենսգիրք՝ 299-րդ) նախաձեռնված 15 քրեական գործ),- նշված է դատախազության պատասխանի մեջ։ 2024-ի ընթացքում դատարանում ավարտվել է 1 քրեական գործ՝ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Այսպիսով, վերջին չորս տարիներին պետական դավաճանության հոդվածով նախաձեռնվել է շուրջ երեք տասնյակ քրեական վարույթ, շուրջ 20 վարույթ՝ ավելի քան 25 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Մինչդեռ, մինչ օրս դատարաններում ավարտվել է միայն երեք գործ, որոնցով երեք անձ մեղավոր է ճանաչվել։ Վարչապետի ենթադրությոնը, թե պետական դավաճանության հոդվածով մեղադրվող անձանց մեծ մասն արդեն ունի դատապարտյալի կարգավիճակ, սխալ է։  
09:48 - 09 մայիսի, 2024
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով։  Ուղերձը՝ ստորև․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ դաշնակից երկրների տարած հաղթանակի 79-րդ տարեդարձը: Այդ հաղթանակով առաջադեմ մարդկությունը ոչ ասաց քաղաքակրթության տեսած ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Հաղթանակի գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ խորհրդային բանակի կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան: Նրանցից 300 հազարը զոհվեցին, 107 հայեր արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման: Բազմաթիվ հայեր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց ներդրումն են ունեցել նաև պատերազմի արևմտյան ճակատներում, պարտիզանական և ընդհատակյա պայքարում: Բոլորովին վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցավ մի բացառիկ արարողություն, երբ Ֆրանսիական ընդհատակյա դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում: Ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ֆրանսիայում Մանուշյանը և նրա ղեկավարած խումբը պայքարում էին այդ երկրի ազատագրման համար` չունենալով նույնիսկ Ֆրանսիայի քաղաքացիություն: Նա, ինչպես նաև դաշնակիցների բանակներում ծառայող հայերը կռվում էին մարդկության ազատության համար, և այդ ներդրումը ճանաչված ու գնահատված է: Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը: Նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը` այն հենելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա: Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին: Շարունակում եմ համոզված մնալ, որ նրանց հիշատակի հավերժացման ամենաարժանի գործն ազատ, երջանիկ և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունը կլինի: Եվ մենք դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի այդ նպատակը: Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
09:15 - 09 մայիսի, 2024
Վարչապետ Փաշինյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Վարչապետ Փաշինյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի ու Կուբայի նախագահները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, նախ տեղի է ունեցել նեղ կազմով նիստը, որից հետո կայացել է պետությունների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը: Ըստ աղբյուրի՝ ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Հանդիպման հարգելի մասնակիցներ, Ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին` այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ուրախ եմ նաև ողջունել ԵԱՏՄ դիտորդ երկրների ղեկավարներին և հրավիրված հյուրերին։ Ինչպես արդեն նշել ենք նեղ ձևաչափով քննարկման ժամանակ, այսօրվա հանդիպումը համընկնում է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ։ Իր գոյության տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը դարձել է մեր երկրների տնտեսությունների համար անդամ երկրների միջև սերտ և տնտեսական փոխգործակցության կարևոր հարթակ։ Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի նորմատիվ բազան շարունակում է ձևավորվել, և այս գործընթացի ավարտը դեռևս մոտ չէ։ Կարևոր է, որ այն ձևավորվում է տնտեսական տրամաբանության շրջանակներում։ Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու և յուրաքանչյուր անդամ պետության շահերին համապատասխան կառուցողական լուծումների որոնման հիման վրա մենք կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը: Անհրաժեշտ ենք համարում կենտրոնացնել մեր ջանքերը՝ սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները հաշվի առնելու նպատակով։ Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մեր երկրների քաղաքացիների և բիզնեսի, նպաստի նրանց բարեկեցության բարելավմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը: Հանդիպման հարգելի մասնակիցներ, Հարգելի գործընկերներ, Վերադառնալով բուն օրակարգային հարցերին՝ չեմ կարող չմատնանշել, որ էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է։ Հայկական կողմն ըմբռնումով է մոտենում չկատարված միջոցառումների իրականացման ժամկետների հնարավոր վերանայմանը, սակայն կարծում է, որ այդ գործընթացը չի կարող անվերջ տևել և պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում։ Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ արագ կոնսենսուսի հասնելու և ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկելու նպատակով։ Հատկապես կարևորում ենք իրավական դաշտի ստեղծումը, որն ապահովում է անդամ պետությունների ձեռնարկատերերի առևտրատնտեսական շահերը համաշխարհային առևտրում։ Այս համատեքստում կարևոր ենք համարում ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին արձանագրության ստորագրումը, որը կմեծացնի գործընկեր երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը։ Հայկական կողմը նաև աջակցում է Ասիայի մեր գործընկերներից մեկի՝ Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը։ Իհարկե, ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի առևտրատնտեսական և կոոպերացիոն փոխգործակցության ընդլայնման համար։ Հարգելի գործընկերներ, Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների ապրանքաշրջանառության աճին։ Այս համատեքստում ևս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա: Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության՝ ի շահ տնտեսական համագործակցության ընտրված պարադիգմի հետագա զարգացման։ Շնորհակալություն ուշադրության համար»։ Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարբեր ուղղություններով ծրագրերի ընթացքին, ինչպես նաև երրորդ երկրների հետ փոխգործակցության զարգացմանը:
21:29 - 08 մայիսի, 2024
ԵԱՏՄ–ն 10 տարվա ընթացքում կարևոր հարթակ է դարձել անդամ երկրների համար. Փաշինյան
 |arm.sputniknews.ru|

ԵԱՏՄ–ն 10 տարվա ընթացքում կարևոր հարթակ է դարձել անդամ երկրների համար. Փաշինյան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Եվրասիական տնտեսական միությունն իր գոյության 10 տարվա ընթացքում անդամ երկրների տնտեսությունների համար դարձել է սերտ և տնտեսական փոխգործակցության նշանակալի հարթակ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   «Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի կարգավորող շրջանակը շարունակում է ձևավորվել, և այս գործընթացը դեռ հեռու է ավարտից: Կարևոր է, որ այն ձևավորվում է տնտեսական տրամաբանության շրջանակներում։ Միայն գործընկեր երկրների շահերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի հիման վրա կհաջողվի պահպանել ԵԱՏՄ արդյունավետությունը»,– նշեց Փաշինյանը։   Ըստ նրա` ջանքերը պետք է կենտրոնացնել ազգային առաջնահերթությունները հաշվի առնելու վրա։ ՀՀ վարչապետի պնդմամբ` համագործակցությունը պետք է նպաստի միության երկրների քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է 2015 թվականի հունվարի 2-ից: Ներկայում ԵԱՏՄ-ին անդամակցում է հինգ պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։
20:41 - 08 մայիսի, 2024
Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը. այն վարում է ՀՀ վարչապետը
 |armenpress.am|

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը. այն վարում է ՀՀ վարչապետը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մայիսի 8-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիսավոր նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ողջունելով ներկաներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխշահավետ գործակցությունն ու կապերը և ձգտում հետագայում եւս պահպանել դրանք։ «ԵԱՏՄ-ն այսօր արդյունավետ և դինամիկ ինտեգրացիոն կառույց է, որի գործունեությունն ապահովում է փոխադարձ ապրանքաշրջանառության և ներդրումների աճ, գործարար կապերի ընդլայնում և զարգացում, որի արդյունքում անդամ բոլոր երկրները տնտեսական ռեալ շահույթներ են ստանում: Այն իր հերթին խթանում է տնտեսական կայուն զարգացումը, ինչպես անդամ երկրների, այնպես էլ ընդհանուր Եվրասիական տարածաշրջանի համար՝ բարձրացնելով մարդկանց կենսամակարդակը»,- նշել է Պուտինը՝ նիստի վարման իրավունքը փոխանցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես կառույցը ղեկավարող երկրի առաջնորդի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ողջունել է ներկաներին եւ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության եւ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետն առաջարկել է անմիջապես սկսել օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը: Նիստը, որին դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև Կուբայի և Տաջիկստանի ղեկավարներն, այս պահին շարունակվում է դռնփակ ռեժիմով։ Նշենք, որ աշխատանքային այցի շրջանակում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումը:
19:08 - 08 մայիսի, 2024
Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներն են. - Հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը: - Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը: - Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները: - Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը: - Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը: - Հայրենիքը, ընտանիքը, անհատը: - Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը: - Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը: - Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ: - Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ: - Եղբայրական զգացումները և հարաբերությունները ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ: - Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները»:
10:48 - 08 մայիսի, 2024