Եգիպտոսը հրատապ բանակցություններ է վարում Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Գազայում լարվածությունը թուլացնելու համար
 |armenpress.am|
12:37 - 07 ապրիլի, 2023

Եգիպտոսը հրատապ բանակցություններ է վարում Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Գազայում լարվածությունը թուլացնելու համար |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում Իսրայելի, ԱՄՆ-ի և պաղեստինյան խմբավորումների հետ՝ լարվածության ապաէսկալացման համար, որն առաջացել է ապրիլի լույս 7-ի գիշերը Գազայի հատվածի շուրջ։ Այս մասին մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Հաղորդվում է, որ Al Arabiya հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Եգիպտոսի իշխանությունները «լայնածավալ բանակցություններ են վարում իսրայելական կողմի, Միացյալ Նահանգների և պաղեստինյան առանձին խմբավորումների հետ՝ հնարավորինս արագ խաղաղությունը վերականգնելու համար»։ Մինչ այդ Կահիրեն դիմել էր Իսրայելին՝ պահանջելով հարվածներ չհասցնել Գազայի հատվածի բնակելի թաղամասերին ու խաղաղ բնակիչներին։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Եգիպտոսի անվտանգության ուժերի աշխատակիցները կապ են հաստատել իսրայելական կողմի հետ պաղեստինյան անկլավի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո։ Իսրայելական կողմն իր հերթին Եգիպտոսին հայտնել է, որ ներկայիս հակամարտության սրումը կախված է պաղեստինյան խմբավորումների գործողություններից։

Նախկինում Եգիպտոսը բազմիցս միջնորդի դերում է հանդես եկել Գազայի շուրջ իրավիճակի սրման ժամանակ, երբ պաղեստինաիսրայելական հակամարտության կողմերն անցել են ուղղակի զինված առճակատման։ Մինչ այժմ Եգիպտոսին հաջողվել է կողմերին գոնե ժամանակավոր փոխզիջումային որոշումների տանել։ Այդ մերձեցման գործում գլխավոր միջնորդական դերը միշտ կատարել են Եգիպտոսի արտաքին հետախուզության աշխատակիցները։

Հիշենցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) այսօր առավոտյան «Համաս» շարժմանը պատկանող օբյեկտների է հարվածել Գազայի հատվածում և Լիբանանում: Դրան նախորդել են Գազայից և Լիբանանից Իսրայելի տարածքի հրթիռակոծությունները: Վերջին օրերին կողմերի միջև պարբերաբար հրթիռակոծություններ են տեղի ունենում: Իրավիճակի նոր սրման պատճառ են դարձել Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումները ալ-Աքսա մզկիթում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել