Այս պատմության մեջ առանցքային դերակատարը ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը՝ Թագուհի Թովմասյանը․ Արթուր Հովհաննիսյան
13:34 - 05 ապրիլի, 2023

Այս պատմության մեջ առանցքային դերակատարը ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը՝ Թագուհի Թովմասյանը․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Հովհաննիսյանը անդրադարձել է երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցած միջադեպին 

«Երեկ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածը խորհրդարանական ընդդիմության հերթական փորձն էր՝ ապալեգիտիմացնել ժողովրդավարական ճանապարհով ձևավորված Ազգային ժողովը՝ ՀՀ ՄԻՊ պաշտոնում առաջադրելով և հանձնաժողովի նիստին գործուղելով մի շարքային խեղկատակի։

Ընդդիմության ներկայացրած թեկնածուի որպիսության մասին պատկերացում կազմելու համար բավական է միայն այն փաստը, որ ընդդիմության ոչ մի պատգամավոր, անգամ հանձնաժողովի մշտական անդամները, չէին ներկայացել իրենց իսկ կողմից առաջադրված թեկնածուի հարցի քննարկմանը։

Կարևոր է արձանագրել, որ այս պատմության մեջ առանցքային դերակատարը ամենևին ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ով, փաստորեն, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միակ «բացառիկ» պատգամավորներից է, որ ստանձնեց ԱԺ-ն ապալեգիտիմացնելու ու հայ ժողովրդին վիրավորելու՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հերթական պատվերն իրականացնելու կեղտոտ գործը։

Ինչպես ասվել է՝ երբ ես մտածում էի, որ հասել եմ հատակին, ներքևից ինչ-որ մեկը թակեց։

Արդյունքում ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ապալեգիտիմացրեց ինքն իրեն՝ ի ցույց դնելով նախ իր անտեղյակությունը շարքային ընթացակարգային հարցերի շուրջ և, ինչն ամենաառանցքայինն է, ծրագրված կերպով հնարավորություն տվեց, և հետո էլ որևէ կերպ չխոչընդոտեց ու չսաստեց դուրսպրծուկ թեկնածուի կողմից հայ ժողովրդին «ադրբեջանաթուրքական» անվանելը։ Տիկինը նաև միակ մարդն է, ով կողմ է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը ստանձնի մի շարքային խեղկատակ։

Այսպիսով, որպես ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պետք է արձանագրեմ, որ հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը ծրագրված չի ապահովել նիստի բնականոն ընթացքը, իր գործողություններով հնարավորություն է ստեղծել վիրավորել հայ ժողովրդին ու ծաղրել մարդու իրավունքները։ Ինքս՝ որպես հանձնաժողովական, շարունակելու եմ ուշիուշով հետևել և կարգի հրավիրել առաջին հերթին հանձնաժողովի նախագահին և նաև այլոց, ովքեր կփորձեն ապալեգիտիմացնել ԱԺ-ն կամ, առավել ևս, վիրավորել մեր ժողովրդին» ։ 

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ-ին ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցը։ Ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն էր, իսկ ՔՊ առաջադրած թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։

Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ քննադատում էր իշխանությանը՝ նրանց անվանելով «հանցավոր ռեժիմ», «խուլիգանական խմբակ», ինչի հետևանքով նիստին ներկա ՔՊ պատգամավորները աղմուկ էին բարձրացնում ու կոչ անում Թագուհի Թովմասյանին թույլ չտալու նման արտահայտություններ անել։ Վերջինս միայն իշխանական պատգամավորների խոսքերից հետո, Ղազարյանին դիմելով, կոչ էր անում որակավորումներ չտալու։ Ղազարյանի եզարափակիչ ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները դուրս եկան նիստերի սենյակից ու վերադարձան ելույթների ժամանակ։

Այնուհետև ՔՊ-ն առաջադրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում առաջարկելու համար, ինչը դրական եզրակացություն ստացավ։ Էդգար Ղազարյանի թեկնածության կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր այլ պատգամավոր նիստին ներկա չէր։

Թագուհի Թովմասյանն իր հերթին հայտարարել է, որ ընդդիմադիրները գրություն են ուղարկելու դատախազին հանձնաժողովի նիստին տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու համար։  Թովմասյանի խոսքով՝ երկրորդ քայլով միջազգային գործընկերներին է ուղարկելու նիստի սղագրությունը։  Իսկ Էթիկայի հանձնաժողովի հարցով, ըստ Թովմասյանի, դեռևս քննարկումներ կան, սակայն նպատակահարմարություն չկա, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ձևավորումը կախված է ՔՊ պատգամավորների քվեարկությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել