Քանի դեռ Հռոմի ստատուտի վավերացումն ԱԺ օրակարգում ընդգրկված չէ, անիմաստ է հարցը քննարկելը․ Ռուբինյան |azatutyun.am|
13:08 - 04 ապրիլի, 2023

Քանի դեռ Հռոմի ստատուտի վավերացումն ԱԺ օրակարգում ընդգրկված չէ, անիմաստ է հարցը քննարկելը․ Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է անցած դեկտեմբերին, այսինքն՝ դա որևէ կապ չուներ Միջազգային քրեական դատարանի հետագայում ընդունած որոշումների հետ: Այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում անդրադառնալով Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշմանը և Ռուսաստանից հնչող նախազգուշացումներին:

«Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը չհակասող համարեց Միջազգային քրեական դատարանի կանոնագիրքը՝ ճանապարհ բացելով այն խորհրդարանում վավերացնելու համար: Ռուսաստանը խիստ նախազգուշացրել է լուրջ հետևանքների մասին, կարելի է ասել՝ սպառնացել է: Ի՞նչ որոշում կընդունի Հայաստանի խորհրդարանը: {Վավերացման} դեպքում փակվում է Ռուսաստանի նախագահի մուտքը Հայաստան: Անձամբ Դուք և խմբակցությունը ի՞նչ եք մտածում այս առթիվ», - այս հարցին ի պատասխան՝ Ռուբինյանը նաև ընդգծեց. - «Այս պահի դրությամբ տեղի է ունեցել հետևյալը՝ Սահմանադրական դատարանը այն համարել է Սահմանադրությանը չհակասող, բայց տվյալ հարցը խորհրդարանի օրակարգում ընդգրկված չէ, և քանի դեռ ընդգրկված չէ, չեմ կարծում, որ իմաստ ունի դա քննարկելը»:

Ինչ վերաբերում է ռուսական արձագանքին, որևէ պաշտոնական զգուշացում, ըստ ԱԺ փոխնախագահի, հրապարակայնորեն չի հնչել. - «Որքանով տեղյակ եմ՝ ինչ-որ լրատվամիջոց ինչ-որ անանուն աղբյուրներ էր մատնանշել: Մենք մինչև այս պահը Ռուսաստանից ընդամենը ունենք պաշտոնական մակարդակով այս հարցին անդրադարձ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի շուրթերով հնչեցված, որում ասված է, որ Հայաստանն ու Ռուսաստանը այս հարցին կանդրադառնան դաշնակցային տրամաբանության մեջ, ինչը նորմալ է»:

Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարության առնչությամբ, որ եթե Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, ապա պետք է ձերբակալվի, Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Գագիկ Մելքոնյանի խոսքերն իրենն են, իր անձնական կարծիքն են և չեն արտահայտում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը: Պետք է ասեմ՝ ընդհանրապես, գուցե կան երկրներ, որտեղ ցանկացած պատգամավորի ասած ընկալվում է որպես պաշտոնական դիրքորոշում, որովհետև այդ երկրներն աչքի չեն ընկնում բազմակարծությամբ, Հայաստանը այդ երկրներից չէ, և տարբեր պատգամավորներ տարբեր ուժերից գուցե տարբեր հարցերով կարող են հակադիր կարծիքներ հայտնել: Սա այդ հարցերից մեկն է, այսինքն՝ Գագիկ Մելքոնյանի արտահայտած կարծիքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը չէ»:

Հարցին՝ ի վերջո, Հայաստանը կվավերացնի՞ Հռոմի ստատուտը, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. - «Ինչպես արդեն ասացի, Սահմանադրական դատարանը նոր է տվել իր եզրակացությունը, և վավերացման հարցը չի հասել խորհրդարան, կհասնի՝ կքննարկենք»:

 

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել