Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը Ռուսաստանի հետ կապ չունի. Պեսկով
 |armenpress.am|
17:20 - 09 մարտի, 2023

Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը Ռուսաստանի հետ կապ չունի. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրինագիծը «չի ոգեշնչվել Մոսկվայի կողմից», Կրեմլն այստեղ կապ չունի. 20-րդ դարում նման փաստաթղթերի «նախագնաց» է դարձել Միացյալ Նահանգները: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«Այնտեղ ոչ մի բան Կրեմլի կողմից չի ոգեշնչվել: Եվ Կրեմլն այստեղ բացարձակապես կապ չունի: Դուք գիտեք, որ այս օրենքների սահմանման պրակտիկան, նախագնացը (20-րդ դարի) 30-ական թվականների վերջին դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե ճիշտ եմ հասկացել», - ասել է Պեսկովը:

Նա հստակեցրել է, որ վրացական օրինագծի տարբերակներից մեկը «շատ նման է եղել» ԱՄՆ-ի նմանօրինակ օրենքին։

«Երկրորդ տարբերակն ավելի քիչ է նման եղել Միացյալ Նահանգների օրենքին, այն իր էությամբ շատ ավելի մեղմ էր, բայց մենք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ կապ չունենք», - եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ին 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումն այսօր հայտարարեցին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել