Անընդունելի են Ադրբեջանի՝ արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի փոխգործակցության ավանդական հիմքերը խաթարելու փորձերը. Միրզոյան
18:40 - 07 մարտի, 2023

Անընդունելի են Ադրբեջանի՝ արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի փոխգործակցության ավանդական հիմքերը խաթարելու փորձերը. Միրզոյան

Մարտի 7-ին աշխատանքային այցով Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։

Զրուցակիցները շեշտել են, որ հայ և արաբ ժողովուրդների հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, այս համատեքստում նշելով նաև արաբական երկրներում հայ համայնքների դերը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Արաբական աշխարհի երկրներում հայկական ներկայությունը քրիստոնյա և մուսուլման ժողովուրդների համակեցության լավագույն օրինակն է: Այս առնչությամբ նախարար Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի՝ տարբեր հարթակներում կրոնական գործոնն արհեստականորեն շահարկելու, արաբական աշխարհի երկրների հետ ՀՀ փոխգործակցության ավանդական հիմքերը խաթարելու անհիմն փորձերը:

Կարևորվել են պարբերական կապերն ու քաղաքական երկխոսությունը Արաբական պետությունների լիգայի հարթակում և անդամ երկրների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի։

ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022 թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել