Հանրաքվեի միջոցով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու նախագիծը հետ է կանչվել հակասահմանադրական լինելու պատճառով. Վ. Կարապետյան |tert.am|
20:51 - 23 հունիսի, 2019

Հանրաքվեի միջոցով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու նախագիծը հետ է կանչվել հակասահմանադրական լինելու պատճառով. Վ. Կարապետյան |tert.am|

tert.am: «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին աղմկահարույց օրեքի նախագիծը հետ կանչվել հակասահմանադրական լինելու պատճառով: Նախագիծը հետ է կանչել հեղինակներից մեկը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

«Սահմանադրական դատարանը 2007 թվականին Վանաձորի հետ կապված որոշում է ունեցել, որ տեղական հանրաքվեի միջոցով հնարավոր չէ անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին։ Հիմա նույն տրամաբանությամբ հակասահմանադրական կճանաչվեր նույն այս նախագիծը։ Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի որոշումը չի բխում Սահմանադրությունից, բայց քանի որ որոշում կա, դա արդեն հիմք է մեր նախագիծը մերժելու համար»,- ասաց նա։

Նշենք, որ օրինագծով ստեղծվելու էր համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմք։ Այսինքն՝ նախագծով համայնքի բնակչությունը հնարավորություն կունենար բնակիչների 20 տոկոսի ստորագրահավաքով տեղական հանրաքվե իրականացնել։ Եթե այդ հանրաքվեին մասնակցեր ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 40 տոկոսը, ապա հնարավոր կլիներ անվստահություն հայտնել գործող ղեկավարին ու նշանակել նոր ընտրություններ։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հիմա նախագծին այլըտրանք են մշակում։

«Տեղական ինքնակառավարման բարեփոխման հայեցակարգ ենք մշակել, իսկ ինչ վերաբերում է այլըտրանքին, ասեմ, որ խոսքը վերաբերում է ընդհանուր ՏԻՄ ընտրություններին։ Սկզբունքն այն է, որ բոլոր համայնքներում համամասնական ընտրություն լինի»,- մանրամասնեց Կարապետյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել