Դուրս եկեք քաղաքական դաշտից և ճանապարհ բացեք նոր ընդդիմության համար. ԱԺ նախագահը՝ ընդդիմադիրներին
 |armenpress.am|
11:43 - 09 փետրվարի, 2023

Դուրս եկեք քաղաքական դաշտից և ճանապարհ բացեք նոր ընդդիմության համար. ԱԺ նախագահը՝ ընդդիմադիրներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը հորդորեց դուրս գալ քաղաքական դաշտից և ճանապարհ բացել առողջ ուժերի համար: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր արտահերթ ելույթում՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած դիտարկումներին:

Արձագանքելով նախորդ օրը ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ նոր ընտրությունների մասին ելույթին՝ Սիմոնյանը նշեց՝ լավ է, որ ընդդիմությունն է խոսում ընտրությունների մասին: «Պատերազմից հետո ընտրությունների մասին խոսում էինք մենք, դուք խոսում էիք Վազգեն Մանուկյանի մասին: Ի դեպ, ո՞ւր է Վազգեն Մանուկյանը: Մի օր որ առիթ լինի, ասեք, տեսնենք, թե ո՞ւր է մեր երկրի այդ «հնարովի» ղեկավարը, որին որոշել էիք, որ պետք է մեր երկիրը ղեկավարը»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իշխանությունն ու իրենց ընտրողները կապի մեջ են՝ հորդորելով ընդդիմությանը իրենց ընտրողների մասին մտածել: Նա ընդդիմադիրներին մեղադրեց երթերին գումարով մարդ բերելու փորձերի մեջ՝ ընդգծելով, որ այդ երթերի քանակը չէր գերազանցում 5-10 հազարը՝ այն դեպքում, երբ ընդդիմությունը ընտրություններով 200 հազարից ավելի ձայն էր հավաքել: «Բա ո՞ւր են ձեր ընտրողները: Ինչո՞ւ դրա մասին չեք խոսում»,-ասաց նա:

Սիմոնյանը վստահեցրեց, որ իշխանությունը նոր ընտրությունների անցկացման խնդիր չունի՝ կարծիք հայտնելով, որ Դաշնակցությունը հիմա չպետք է ձգտի նոր ընտրությունների: «Դաշնակցությունն առաջին անգամ այսպիսի մեծ կազմով ԱԺ-ում է հայտնվել: Կարճ ասած՝ «Հայաստան» դաշինքում «իշխանությունը» վերցրել եք, ի՞նչ կա մտածելու, մի քանի մարդ կա, որ դաշնակցական չէ, դա էլ ցուցակը մաքրելով, ինչ-որ բաների բերումով կվերցնի»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա վստահ է, որ իշխանությունը նոր ընտրությունների դեպքում ավելի շատ ձայն էլ կհավաքի, սակայն Դաշնակցությունը կամ խորհրդարանում չի հայտնվի, կամ ավելի քիչ քանակով կհայտնվի:

Դիմելով ընդդիմադիրներին՝ ԱԺ նախագահն ասաց. «Դուք պետք է դուրս գաք քաղաքական դաշտից և ճանապարհ բացեք նոր ընդդիմության համար: Քանի դեռ դուք, «Պատիվ ունեմ»-ը զբաղեցնում եք ընդդիմադիր դաշտը, դա ամենամեծ վնասն է ՀՀ-ին, դուրս եկեք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը՝ անընդհատ այդ նույն սկավառակը պտտեցնելով, անընդհատ նույն բաները մեր մասին ասելով: Հասկացանք, ասացիք դա: Դուրս եկեք, թողեք թող առողջ ուժերը գան: Հետագայում, եթե մենք էլ ընտրություններում կպարտվենք, իշխանությունը կհանձնենք իրենց և հանգիստ սրտով կհեռանանք, քանի որ մեր նպատակն է ՀՀ-ում մեր կողմից ներդրված ազատ ընտրություններով, թափանցիկ ընտրություններով իշխանությունը փոխանցել մեկ այլ ուժի, շնորհավորել այդ իշխանությանը և հեռանալ: Բայց քանի դեռ դուք կաք, դա անհնար է դառնում»:

Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել