Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի |news.am|
11:37 - 26 հունվարի, 2023

Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, շարունակական աճ է գրանցում երկկողմ առևտրի և էմիրաթական ներդրումների ծավալը Հայաստանում։ Նկատելի զարգացում է ապրում զբոսաշրջությունը, էականորեն մեծացել է ՀՀ-ԱՄԷ ուղիղ չվերթների թիվը։ Երկուսուկես տասնամյակի ընթացքում տեղի են ունեցել մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ, քաղաքական խորհրդակցություններ, գործարար հանդիպումներ, 2019թ․՝ հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Երկու երկրները արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություններում։

Դեռևս 2017-ին մեկնարկել էր Էմիրությունների հետ մուտքի արտոնագրի ազատականցման գործընթացը: ՀՀ կառավարությունը 2017թ. հունվարին համաձայնություն էր տվել երկու երկրների քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագրի կնքման առաջարկությանը, որից հետո սակայն գործընթացը կանգ էր առել:

Այժմ գործընթացը վերսկսվել է և այս արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումը ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայմանը։

Նշյալ հուշագրում լրացումներ կատարելու մասին արձանագրության ստորագրումը զարկ կտա միջմարդկային շփումներին ու միջմշակութային կապերին՝ նպաստելով երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը։

2022թ․ դեկտեմբերին ստորագրվել է«ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Այս երկու փաստաթղթերի արդյունավետ կիրարկումը կշահագրգռի էմիրաթցի գործատուներին իրենց գործունեության ոլորտում ավելի մեծ թվով ՀՀ քաղաքացիներ ներգրավել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել