Դրական ենք վերաբերվում քննարկմանը․ Միրզոյանը՝ ԵՄ դիտորդական նոր առաքելության տեղակայման մասին
17:24 - 18 հունվարի, 2023

Դրական ենք վերաբերվում քննարկմանը․ Միրզոյանը՝ ԵՄ դիտորդական նոր առաքելության տեղակայման մասին

Կարծում եմ՝ ավելորդ է նույնիսկ նշել, որ ԵՄ նոր լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող ու կառուցողական դերակատարում կունենանք, անշուշտ, դրական ենք վերաբերվում քննարկմանը, դրական կվերաբերվենք, եթե այդպիսի որոշում ընդունվի ԵՄ կողմից ու տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե ԵՄ-ն նոր երկարաժամկետ առաքելություն է ուղարկելու ՀՀ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով։ Infocom.am-ի հայաստանյան աղբյուրը հաստատել էր տեղեկությունը, որ դեռ անցած շաբաթ նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում:

ԱԳ նախարարը նաև հայկական կողմի գնահատանքը հնչեցրեց ԵՄ նախորդ դիտորդական առաքելության իրականացման կապակցությամբ՝ նշելով, որ այն կարևոր գործառույթ կատարեց հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի ու հետագա էսկալացիայի կանխման գործում։

ԵՄ դիտորդների տեղակայմանն այսօր՝ հունվարի 18-ին, անդրադարձել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ չնայած ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է, Հայաստանը պայմանավորվում է ԵՄ-ի հետ․ «Չպետք է մոռանալ, որ առաքելությունը տեղակայվելու է Ադրբեջանի սահմանին, և եթե չլինի Ադրբեջանի համաձայնությունը, առաքելության տեղակայումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է ավելորդ լարվածություն ստեղծել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել