Ըստ ՀՔԾ-ի` հետին ամսաթվով փաստաթղթեր կազմելու հանձնարարությունը տրվել է սպանված պաշտոնյա Գեւորգ Մհերյանի կողմից |pastinfo.am|
06:51 - 06 մայիսի, 2019

Ըստ ՀՔԾ-ի` հետին ամսաթվով փաստաթղթեր կազմելու հանձնարարությունը տրվել է սպանված պաշտոնյա Գեւորգ Մհերյանի կողմից |pastinfo.am|

Փաստինֆո-ն շարունակում է ներկայացնել ՀՀ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը, մասնավորապես, թե ինչպես է դրսեւորվել ՀՀ երկրորդ նախագահի կողմից սահմանադրական կարգի տապալումը` ըստ նախաքննական մարմնի:

Առաջադրված մեղադրանքի համաձայն` «2008 թ. իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր 2008թ. փետրվարի 29-ից մարտի 1-ը երեկոյան, իրենց թիկնազորի անդամներից կամ՝ վստահելի, այդ թվում հանցավոր հեղինակություն ունեցող անձանցից ստեղծել են խմբեր (թե արդյոք նախաքննական մարմինը որեւէ ապացույց ունեցել է նման միտք մեղադրանքի որոշման մեջ նշելու համար` կանդրադառնանք առանձին-խմբ), որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով:

«Նրանց ինքնությունը և իրադարձություններին իրական մասնակցության շարժառիթները քաղարկելու նպատակով ՀՀ կառավարության շենքի մոտ տրամադրել են ՀՀ ԶՈՒ թիկունքի բազայի իրային պահեստից ստացված զինվորական համազգեստներ՝ հիշյալ անձանցից կազմված խմբերին ներգրավելով 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքի տարբեր փողոցներում իրականացվող քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատություններն ակնհայտ խախտող հանցավոր գործողությունների իրականացմանը:

Մասնավորապես, 2008թվականի մարտի 1-ին՝ երեկոյան և մարտի 2-ի գիշերը զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև՝ վերը նշված խմբերը, Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են գործողություններ՝ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու, այդօրինակ միջոցառումները ժամանակավոր արգելելու ուղղությամբ»:

Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ և Լեո-Պարոնյան խաչմերուկներում

Զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև՝ վերը նշված խմբերը, այդ օրերին Մաշտոցի պողոտա և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում, ապա՝ Պարոնյանի և Լեոյի փողոցներում բախվելով ցուցարարների առանձին խմբերի հետ,նախաքննության վարկածով, կիրառել են հրազեն, մասնավորապես, 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասի զինծառայողներն իրենց ամրակցված ինքնաձիգներից և ատրճանակներից համազարկ ու անկանոն կրակահերթեր են արձակել ցուցարարների, ինչպես նաև՝ հարակից բնակելի և հասարակական նշանակության շենքերի, շինությունների ուղղությամբ (թե իրականում ըստ ականատեսների զինված ուժերը երբ են կրակել եւ ինչի ուղղությամբ առիթ ունեցել ենք գրելու ու դեռ էլի կանդրադառնանք. - խմբ): Կրակահերթերի արդյունքում կրակված առանձին գնդակներ ներթափանցել են քաղաքացիների բնակարաններ, բնակելի շենքերի առաջին հարկերում տեղակայված օբյեկտներ: Նույն օրը ոստիկանության զորքերի հետ ցուցարարների տեղաշարժը կանխելուն ուղղված գործողություններ են իրականացվել Լեո, ապա՝ Պարոնյան փողոցներում՝ ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսդի զինծառայողները: ՀՀ ԶՈՒ մյուս բանակային կորպուսների ստորաբաժանումների զինծառայողները արգելափակել են Երևան քաղաքի կենտրոնական փողոցների և քաղաքի մուտքի ավտոճանապարհները:

Դեպքի վայրի պարկուճները փոխարինվել են ա՞յլ պարկուճներով

Երևան քաղաքում մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում, այդ իրադարձություններին զինված ուժերի, ինչպես նաև՝ զինված խմբերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով դեպքի վայրի՝ Պարոնյանի, Լեոյի փողոցների տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները, նախաքննական մարմնի գնահատմամբ, փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով, իսկ Մաշտոցի պողոտայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակի առնվազն 32 կրակված պարկուճները՝ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի ատրճանակներից կրակված պարկուճներով:

Ըստ նախաքննական մարմնի`հետին ամսաթվով կեղծ պաշտոնական փաստաթղթեր են ստորագրվել ներկայումս հանգուցյալ պաշտոնյայի հանձնարարությամբ

«Մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնին նշանակված Գևորգ Կոստանյանի և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնական անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008թ. մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաողովին և Փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ: (Առաջիկայում կներկայացնենք` վերը նշված պաշտոնյաների ցուցմունքները ենթադրյալ կեղծիքների մասին. - խմբ)

Զոհվել է 8 քաղաքացիական անձ և ոստիկանության զորքերի 2 ծառայող

Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել է 8 քաղաքացիական անձ և ոստիկանության զորքերի 2 ծառայող: Արդյունքում իրագործվել է խաղաղ հավաքն /?/ ամեն կերպ և ցանկացած եղանակով, այդ թվում՝ քաղաքացիների կյանքի իրավունքի խախտմամբ, ցրելու հանցավոր նպատակը, ինչը, ի թիվս վերը նշված հանրորեն վտանգավոր հետևանքների, հանգեցրել է նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, էական հեղինակազրկման:


Շարունակությունը կարդացեք pastinfo.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել