Միջազգային հանրությունը հանգիստ չի ունենալու, քանի դեռ 120․000 մարդ հանգիստ կյանք չունի․Արցախի ՄԻՊ
 |news.am|
17:46 - 16 դեկտեմբերի, 2022

Միջազգային հանրությունը հանգիստ չի ունենալու, քանի դեռ 120․000 մարդ հանգիստ կյանք չունի․Արցախի ՄԻՊ |news.am|

news.am: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը նաև «Յունիսեֆի» ղեկավարն է և շատ լավ պետք է հասկանա, որ Արցախում ապրող երեխաները 2 օր շարունակ զրկված էին գազամատակարարումից, ջեռուցումից, տաք ջրից, տեսանյութեր էին տարածվում, թե ինչպես են մայրերը երեխաներին մի կերպ տաք ջրով լողացնում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ցավալի է, որ 5-րդ օրն է՝ շարունակվում է այս վիճակը, բայց ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարից գոնե մեկ մեկնաբանություն չենք ստացել։ Բոլորի իրավունքները կարևոր են, բայց անձամբ ինձ համար շատ ցավալի է, որ մի տեղ հիջաբ հագնելու թեման դարձում են աշխարհով մեկ ու դրա վերաբերյալ հազարավոր հայտարարություններ են լինում, բայց երբ 120․000 մարդու կյանքն է դրված սպառնալիքի տակ, ալարում են անգամ մեկ մեկնաբանություն տալ։

Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը ունի այդ առաքելությունը, թող հայաստանյան գրասենյակի ղեկավարը իջնի և ներկայացնի՝ արդյո՞ք պատշաճ կերպով ծանուցվել է այս ամենի մասին։ Բավական է, որ մենք անտեսված լինենք աշխարհի կողմից, կարծես թե աշխարհի վրա Արցախը գոյություն չունի, այս անտեսվածությանը պետք է վերջ դրվի»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ միջազգային հանրության անտաբերությունը Ադրբեջանին դարձնում է անպատժելի։

«Ադրբեջանի կազմում հնարավոր չէ ապահովել որևէ իրավունք կամ անվտանգություն։ Մենք շարունակելու ենք պայքարը մեր իրավունքների համար, պետք է ճնշումը բազմապատկվի, միջազգային հանրությունը պետք է զգա, որ հանգիստ չի ունենալու, մինչև 120․000 մարդ հանգիստ կյանք չունի»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել