ՀՀ ԱԳ նախարարը հնդիկ գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը
10:03 - 15 դեկտեմբերի, 2022

ՀՀ ԱԳ նախարարը հնդիկ գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը

 Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:  Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր և գոհունակություն են հայտնել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ: Այս առումով կարևորվել է բարձրաստիճան մակարդակում պաշտոնական փոխայցելությունների դերը։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին ՄԱԿ Անվտանգության խորհրդում հաջողված նախագահության կապակցությամբ: Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությանը և փոխադարձ աջակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակման ու Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի շարունակական քաղաքականության անթույլատրելիությունը:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ՄԱԿ կենտրոնակայանում Մահաթմա Գանդիի արձանի բացման պաշտոնական արարողությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել