Ցեղասպանությունը մի գիշերվա մեջ տեղի չի ունենում. կան ցեղասպանության զարգացման  8-10 փուլեր. Ֆեդերիկո Վիլեգաս
 |news.am|
14:56 - 12 դեկտեմբերի, 2022

Ցեղասպանությունը մի գիշերվա մեջ տեղի չի ունենում. կան ցեղասպանության զարգացման 8-10 փուլեր. Ֆեդերիկո Վիլեգաս |news.am|

news.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը մի քանի դեր ունի, որոնք անմիջականորեն կապված են այս ֆորումի թեմայի հետ. Մենք ավելի քան 13 շատ լուրջ մեխանիզմներ ունենք, որոնք նվիրված են տարբեր երկրներում մարդու իրավունքների հարցերի վերանայմանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասը:

«Այս տարին շատ բարդ տարի էր մեզ համար: Եվրոպայի սրտում պատերազմ է գնում, կովիդն է մոլեգնում ամբողջ աշխարհում, կլիմայական փոփոխություններն են վատթարանում: Մենք պետք է ժամանակ հատկացնեինք ռուսական ագրեսիայի արդյունքում Ուկրաինայում իրականացված վայրագությունների հետազոտմանը: Նաեւ Իրանում ենք մեկնարկել մի մեխանիզմ մարդու իրավունքների վիճակը հասկանալու համար»,- ասաց Վիլեգասը:

Նա նկատեց, որ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների հաստատման ունիվերսալ գաղափարը դուրս է գալիս ազգային, տարածաշրջնային սահմաններից եւ միջազգային հանրությունը կոլեկտիվ կերպով պետք է պաշտպանի մարդու իրավունքները. «Սա հեղափոխական գաղափար է, որն ընդամենը 74 տարեկան է: Բայց դա մեր գործունեության այսբերգի գագաթն է: Եթե մենք նայենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի օրակարգին, միայն անցած նիստի ժամանակ սեպտեմբերին մենք հաստատեցինք մի շարք բանաձեւերի սայբեր բուլինգի մասին, տեղեկատվության մասին, նոր ռազմական տեխնոլոգիաների օգտագործման մասին եւ այլն»:

Նա հիշեցրեց, որ Ռուանդայում թութսիների ցեղասպանության ժամանակ տեղի ռադիոկայաններից մեկով հաղորդագրություններ էին տարածում թութսիներին սպանելու մասին, որովհետեւ նրանք համարվում են ուտիճներ. «Եթե այսօր դա բացահայտվեր, արդյոք մենք թողնելու էինք, որ այդ ամենը շարունակվի, արդյոք թողնելու էինք, որ այդ մասնավոր բիզնեսի՝ ռադիոյի տերը որոշի, թե ինքը թույլ է տալիս նման հաղորդագրություններ տարածել, թե թույլ չի տալիս»:

Ֆեդերիկո Վիլեգասը նաեւ նշեց, որ լավ լուրն այն է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բանաձեւերի 70 տոկոսը կոնսենսուսով են հաստատվել, 40 տոկոսը քվեարկությամբ, մասնավորապես, կոնսենսուսով է ընդունվել նաեւ Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանությունների կանխարգելմանը վերաբերող բանաձեւը. «Սա մեզ հույս է ներշնչում, որ մարդու իրավունքների ոլորտում նոր ստանդարտների այդ պրոգրեսիվ զարգացումը տալիս է մեզ ապահովություն, տալիս է հնարավորություններ շարունակել այս զարգացումը: Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք այս քննարկումների միջոցով բացահայտել տեխնոլոգիաների եւ ցեղասպանության կանխարգելման միջեւ գորշ գոտին: Ցեղասպանությունը մի գիշերվա մեջ տեղի չի ունենում: Եթե հետեւենք, կան  ցեղասպանության զարգացման  8-10 փուլեր: Ցանկացած փուլում կարելի է միջամտել եւ թույլ չտալ, որ տեխնոլոգիան վատ նպատակով օգտագործվի»,- ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել