Երևանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը

 |armenpress.am|
10:39 - 12 դեկտեմբերի, 2022

Երևանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը |armenpress.am|

armenpress.am: Մատենադարանում դեկտեմբերի 12-ին մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը, որը  նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։ Ֆորումը կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին։

Միջոցառումը կազմակերպվում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի և Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության (GAAMAC) հետ սերտ համագործակցությամբ:

4-րդ Գլոբալ ֆորումը նաև նվիրված է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը և Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, որը նշվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 9-ին, ինչպես սահմանված է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 2015 թվականի սեպտեմբերի 11-ի  69/323 թվակիր  բանաձևում։ Բանաձևը նախաձեռնել էր Հայաստանը՝ հիմնվելով իր իսկ հեղինակած Ցեղասպանության կանխարգելման մասին Բանաձևի վրա, որը միաձայն ընդունվել է ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2015 թվականին։

Ֆորումի լիագումար նիստի բացմանը ելույթով հանես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական Ալիս Վայիրիմու Նդերիտուն և այլ միջոցառման բարձրաստիճան հյուրերն ու պաշտոնյաները:

Նիստը նվիրված է ցեղասպանության կանխարգելմանը միտված միջազգային գործունեության, հաշվետվողականության ապահովմանն ուղղված ջանքերի ամրապնդման, այս ոլորտում վերջին իրադարձությունների և գլոբալ մակարդակով գործողությունների քննարկմանը: Նիստի նպատակն է պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող են միջազգային դերակատարները, կառավարությունները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հասանելիության աննախադեպ աճի պայմաններում օգտագործել վերջիններս և դրանցից ստացված տվյալները ցեղասպանությունն արդյունավետ կանխելու համար։

Լիագումար նիստին կհաջորդեն թեմատիկ քննարկումները։ Առաջին թեմատիկ քննարկումը տեղի կունենա «Նոր տեխնոլոգիաների չարարկումը և ցեղասպանության վտանգը» թեմայով։

Թեմատիկ քննարկման ընթացքում կքննարկվեն անվտանգային այն ռիսկերը, որոնք կարող են առաջ գալ նորարարական տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգտագործման հետևանքով ցեղասպանության և այլ դաժան հանցագործությունների իրագործման համար: Անվտանգային ռիսկերը կարող են ներառել գաղտնի տվյալների անպատեհ օգտագործում, էթիկայի հարցեր, կիբեռհանցագործություններ և ռազմական գործողություններ։

Երկրորդ թեմատիկ քննարկումը նվիրված կլինի «Սոցիալական հարթակները որպես ատելության տարածման գործիք. կանխարգելիչ միջոցառումներ» թեմային։

Նիստի ընթացքում կքննարկվի սոցիալական մեդիայի դերը ատելության խոսքի տարածման, պատերազմի քարոզչության, ահաբեկիչների հավաքագրման, բռնության հրահրման ռիսկերի համատեքստում, ինչպես նաև անդրադարձ կկատարվի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և անհատների դերին ատելության խոսքի և ցեղասպանության հրահրման դեմ պայքարում, ինչպես նաև առցանց խաղաղասիրական և ներառական խոսույթի խթանման գործում։

Թեմատիկ քննարկմանը ներկա կլինեն տեխնոլոգիական  ընկերությունների ղեկավարները, գիտնականները, պետությունների և կառավարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների փորձագետները։

Դեկտեմբերի 13-ի առաջին քննարկումը նվիրված կլինի «Նոր տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման և հետցեղասպանական վերականգնման համատեքստում» թեմային։

 Նիստի ընթացքում կքննարկվեն մշակութային ժառանգության և կրոնական վայրերի միտումնավոր ոչնչացման օրինակներ՝ ուղղված կոնկրետ թիրախային խմբի պատմությունը ոչնչացնելուն, նրա ինքնությունը խաթարելուն և ջնջելուն: Այն կանդրադառնա կրոնական և էթնիկ խմբերի մշակութային ժառանգության պաշտպանության, պահպանման և վերականգնման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման խնդրին և դրանց՝ միջմշակութային և միջկրոնական երկխոսության ամրապնդման, խաղաղաշինության գործընթացների խթանման և հետցեղասպանական հաշտեցման նախաձեռնությունների հարցում ունեցած դերին։

Միջոցառմանը ներկա կլինեն մարդու իրավունքների մասնագետներ, ցեղասպանագետներ, մշակույթի ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, առաջատար համալսարանների, միջազգային կազմակերպությունների և կառավարությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Երկրորդ թեմատիկ քննարկումը կվերաբերվի «Սոցիալական հարթակները որպես ատելության տարածման գործիք. Կանխարգելիչ միջոցառումներ» թեմային։

Նիստի ընթացքում կքննարկվի սոցիալական մեդիայի դերը ատելության խոսքի տարածման, պատերազմի քարոզչության, ահաբեկիչների հավաքագրման, բռնության հրահրման ռիսկերի համատեքստում, ինչպես նաև անդրադարձ կկատարվի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և անհատների դերին ատելության խոսքի և ցեղասպանության հրահրման դեմ պայքարում, ինչպես նաև առցանց խաղաղասիրական և ներառական խոսույթի խթանման գործում։

Ֆորումը կեզրափակվի Համատեղ գործողությունների մասին Հռչակագրի ընդունմամբ՝ առաջադեմ տեխնոլոգիաների ներուժը ցեղասպանության և այլ դաժան հանցագործությունների վաղ նախազգուշացման և կանխարգելման համար օգտագործելու, ինչպես նաև դրանց չարարկման դեմ պայքարելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել