1lurer.am: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին հարցին:
«Առիթ ունեցել եմ ասելու, որ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականը չի փոխվել: Հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին և հունգարական դատարանով դատապարտված հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին:
Բայց այդ իրադարձությունները հիշելով՝ նաև հիշում ենք անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ: Հունգարական իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 ազատ արձակվող գերիների հետ եկան Երևան: Մենք նաև չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը քովիդի դեմ պայքարի շրջանակներում»,- ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ կան բազմաթիվ այլ օրինակներ, այդ թվում՝ ֆինանսական աջակցությունը Հայ Առաքելական Եկեղեցուն: Կա համագործակցություն նաև դպրոցների մակարդակում:
«Առաջիկայում կլսեք մեր երկու երկրների կողմից դեսպանների նշանակման մասին»,- ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։ Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև, ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ պետք է նշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։
Նշենք, որ 2012 թ․-ին Հայաստանը խզել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները այն բանից հետո, երբ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին ՝ չնայած նրան, որ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի։
comment.count (0)