«Միասնական հայրենիքը» Արցախում նոր ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում
13:18 - 07 դեկտեմբերի, 2022

«Միասնական հայրենիքը» Արցախում նոր ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում վերահսկողության մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Դիտարկելով բնապահպանական ակցիայի քողի ներքո ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքում վերահսկողության հնարավոր մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ կողմերի պաշտոնական հրապարակումներն ու մոտեցումները՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝

1 – Օրախնդիր պահանջ է միջազգային հանրության գործուն մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու մանդատ պատվիրակել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընթացակարգերով սահմանված կարգով՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը, այն է՝ հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորումը։

2 – Միանգամայն մերժելի են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից չբխող գործողություններն ու միջամտությունները, որոնք խոչընդոտում են իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի իրավունքներն ու ազատությունները։ Արգելված առարկաների վերահսկողության հիմնավորմամբ համապատասխան սարքավորումներ պետք է տեղակայել նախևառաջ Քարվաճառ-Մատաղիս և Խուդաֆերին-Սանասար-Քաշաթաղ-Քարվաճառ երթուղիներում, եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի շրջաններում, որտեղ ադրբեջանական կողմը ոչ միայն կենտրոնացրել է հսկայական քանակությամբ կենդանի ուժ և զինտեխնիկա, այլև այդ տարածքներով ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Ջերմուկ, Վարդենիս, Սյունիք և այն։ Սա այն դեպքում, երբ առանց մարտական գործողությունների հանձնված տարածքները պետք է լինեն ապառազմականացված գոտիներ՝ միջազգային սկզբունքների և նորմերի համապատասխանությամբ, սույն դեպքում՝ ՌԴ խաղաղապահության պատասխանատվությամբ։

3 – Խիստ անհրաժեշտություն է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի աշխարհագրական կոորդինատները, ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայման հենակետերը՝ 5 կմ լայնությամբ եզրագծով (աջ և ձախ կողմերից 2․5-ական կմ)՝ խաղաղապահ պատասխանատվության գոտում անվտանգության նկատառումներով տեղակայելով ոչ ավել, քան մեկ հսկիչ-անցագրային կետ, դիցուք՝ Հայաստան-Արցախ սահմանագծին։

4 – Մտահոգիչ են Հայաստանի՝ որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմի մոտեցումները նույն հայտարարության դրույթների մեկնաբանության, քաղաքական նպատակահարմարությամբ դրանց վերաբերյալ ձևավորված հայեցողական վերաբերմունքի առնչությամբ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է հետամուտ լինեն մասնավորեցնելու և եռակողմ հայտարարությունից բխող փաստաթղթերում ամրագրելու բովանդակային և տեխնիկակական վերոնշյալ հարցերը՝ հայտարարության մյուս կողմերին պարտավորեցնելով ամբողջ ծավալով իրացնելու ստանձնած պարտավորությունները։

5 – Տարակուսելի է Արցախի Հանրապետության իշխանությունների հանցավոր ինքնավստահությունը սեփական ժողովրդի նկատմամբ ուժի և ուժի սպառնալիքի շարունակական դրսևորումների ֆոնին, մասնավորապես ռազմավարական նշանակության տարածքային կորուստներ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր (11-12 դեկտեմբերի, 2020թ․), Փառուխ գյուղ և հարակից Քարագլուխ բարձունք (24 մարտի, 2022թ․), Կուսանաց լեռ՝ հարակից Սարիբաբ և Բուզդուխ բարձունքներով (3 օգոստոսի 2022թ․), լարվածություն շփման գծում՝ զոհերի և վիրավորումների ելքով, միջադեպեր քաղաքացիական բնակչության շրջանում և այլն։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ Արցախի Հանրապետության ներքաղաքական դասավորվածությունը չի արտացոլում հետպատերազմյան իրողությունները․ քաղաքական ղեկավարությունը բացարձակ անհաղորդ է Արցախում և Արցախի շուրջ մարտահրավերների էությանը, որոնց հաղթահարումը հնարավոր է բացառապես նոր ընտրությունների ելքով։ Արդյունքում Արցախի ժողովրդի վստահության մանդատ ստացած իշխանությունը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու պոզիտիվ լեգիտիմություն կստանա, հակառակ դեպքում՝ ժողովուրդը կարող է դիմել համարժեք քայլերի»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։ 

Ավելի ուշ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ: 

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։

Արցախի անվտանգության խորհուրդն էլ հայտարարեց, որ «ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել