Հայրենիքի համար այս դժվար ու ծանր օրերին նման հանդիպումներն առավել պարտավորեցնող են. Ալեն Սիմոնյանի ելույթը Համաշխարհային համահայկական գագաթնաժողովում
21:05 - 28 հոկտեմբերի, 2022

Հայրենիքի համար այս դժվար ու ծանր օրերին նման հանդիպումներն առավել պարտավորեցնող են. Ալեն Սիմոնյանի ելույթը Համաշխարհային համահայկական գագաթնաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Համաշխարհային համահայկական գագաթնաժողովում:
 
Ելույթում մասնավորապես ասվում է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Արցախի հարգելի՛ նախագահ,

Տիկնայք և պարոնայք,

Ողջունում և շնորհավորում եմ բոլորիս 5 տարի ընդմիջումից հետո մայր հայրենիքում կրկին այս ձևաչափով հանդիպելու համար:

Համաշխարհային համահայկական գագաթնաժողովն իր հնչեղ անվանը համապատասխան պետք է կարողանա միավորել, մեկ տեղում հավաքել աշխարհով մեկ սփռված հայ միտքը, ուժը և միասնականությունը: Այս հարթակը միմյանց ճանաչելու, նոր կամուրջներ ստեղծելու, եղած կապերը վերաթարմացնելու լավ առիթ է, որը պետք է օգտագործել ամբողջ ծավալով: Այստեղ հավաքված են մարդիկ,

որոնք սեփական ընտանիքի օրինակով օտարության մեջ պահել ու պահում են իրենց հայկականությունը, երեխաների ու թոռների հետ խոսում են հայերեն:

Երևի թե այստեղ չկա մարդ, ում տան ամենաերևացող անկյունում հայ լինելը փաստող գեղանկար, հուշանվեր կամ նմանատիպ այլ ապացույց չլինի: Հատկապես օտարության մեջ է արթնանում հայրենիքի հանդեպ մեծ կարոտը, ու հեռվից այն ոչ միայն քաղցր, այլև երանելի է թվում:

Հայրենիքի համար այս դժվար ու ծանր օրերին նման հանդիպումներն առավել պարտավորեցնող են: Մեզ պատուհասած պատերազմը, սահմանին տիրող անհանգստությունը, արցախահայության ամենօրյա վախերն ու չլուծված բազում խնդիրները բոլորինս են:

Այս պարագայում մի կողմ պետք է դրվի քաղաքացիությունը և առաջնահերթությունը տրվի ազգությանը, որ հնարավոր լինի համատեղ ուժերով հաղթահարել փորձությունները, որոնք մեկ բառով չարիք կկոչեմ:

Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, այս զգացմունքային մոտեցմանը զուգահեռ՝ հայրենիքից դուրս ապրողների համար հաճախ այն պատկերվում է միտումնավոր խտացված գույներով, հատկապես, երբ տեղեկատվական դարում  երևույթները ոչ ճիշտ ներկայացնողների պակաս չկա:

Ի պաշտոնե հաճախ եմ շփվում Սփյուռքը ներկայացնող մեր հայրենակիցների հետ: Նրանց մտավախությունները, հարցադրումները հիմնականում պտտվում են մեր երկրում բուն դրած անհանդուրժողականության, անվտանգային հարցերի և վերջնական խաղաղության ուշացման շուրջ:

Ցավոք, մեր հանդիպումները փաստում են, որ ինտերնետը որքան կրճատում ու աննշան է դարձնում հայրենիք-Սփյուռք հեռավորությունը, նույնքան կարող է վնասել անհավանական կեղծ լուրերով:

Ամեն դեպքում կարող եմ հավաստիացնել, որ Սփյուռքը պահում է իր սթափ միտքն ու ճիշտ դատողություններ անում:

Ես շնորհակալություն եմ հայտնում աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հոգևոր հայրերին, հայկական կրթօջախների մանկավարժներին, բարերարներին, որոնք կարողանում են երեխաներին սիրել տալ դեռ չտեսած հայրենիքը, շնորհակալ եմ բոլոր այն սրտացավ հայերին, որոնք հայրենիքին անհանգստացնող յուրաքանչյուր դրվագում առանց տատանվելու ներկա են:

Արդյունավետ աշխատանք եմ մաղթում բոլորին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել