Ազատեկի հանքավայրը շահագործող «Վայք գօլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցված չէ. նոր բաժնետեր է հայտնվել |hetq.am|
10:10 - 23 ապրիլի, 2019

Ազատեկի հանքավայրը շահագործող «Վայք գօլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցված չէ. նոր բաժնետեր է հայտնվել |hetq.am|

«Վայք գօլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Վայոց ձորի Ազատեկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի գործողությունը դադարեցված չէ:

«ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կողմից հարուցված է քրեական գործ գրությամբ նշված իրավախախտումների առնչությամբ»,- այս մասին  հայտնել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտաշես Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ Ազատեկի հանքավայրում Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն իրականացրել էր ստուգումներ և հայտնաբերել, որ «Վայք գօլդ» ՍՊԸ-ն 2017թ. դեկտեմբերին հանքավայրում իրականացրել է 1330 տ հանքաքարի արդյունահանում, որտեղ մետաղների քանակը եղել է՝ ոսկին՝ 11,31 կգ, արծաթը՝ 84,5 կգ, պղինձը՝ 5,25 տ: Սակայն արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել լիազոր մարմնին ներկայացված հաշվետվություններում: Բացի այդ, ընկերությունը չի ունեցել ՇՄԱԳ եզրակացությունը: Մի շարք այլ խախտումներ ևս հայտնաբերվել էին:

Ուստի, տեսչական  մարմինը, նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ, որոշել էր արգելել ընդերքօգտագործումը: Տեսչական մարմինը գրությամբ դիմել էր նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ ընդերքօգտագործման դադարեցման պահանջով:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ գործը դեռևս  նախաքննության փուլում է: Նշանակվել են էկոլոգիական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննոթյուններ, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել:

Քանի դեռ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ընկերության բաժնետերերի փոփոխություններ են գրանցվել: Հիշեցնենք, որ հանքավայրում բաժնեմաս ուներ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա այժմ անմիջական մասնակցություն չունի բաժնեմասում, փոխարենը նոր ընկերություն է հայտնվել:

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Միացյալ Թագավորությունում գրանցված «Քոր գոլդ հոդինգ» ՍՊԸ-ն դարձել է «Վայք գօլդ»-ի 80 տոկոսի բաժնետերըմ իսկ մնացյալ 20 %-ը շարունակում է մնալ Նորայր Զոհրաբյանի ձեռքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել