Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալ կալանավորվել է. նրանցից երեքը հայ են․ «Ինտերֆաքս»
14:00 - 14 հոկտեմբերի, 2022

Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալ կալանավորվել է. նրանցից երեքը հայ են․ «Ինտերֆաքս»

armenpress.am: Սիմֆերոպոլի շրջանային դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալների մինչև դեկտեմբերի 8-ը կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Գործակալության տվյալներով կալանավորվել են Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբեն և Արթուր Թերջանյանը:

Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին: Ռուսաստանի Դաշնությունը դա ահաբեկչություն էր որակել և պայթյունի մեջ մեղադրել էր Ուկրաինայի հատուկ ծառայություններին:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ «Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրեական գործով» ձերբակալել է ՌԴ հինգ քաղաքացու, Ուկրաինայի ու Հայաստանի երեք քաղաքացիների։ Ըստ ԱԴԾ-ի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանսալիանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոնների համաձայն, ինչից հետո փաստաթղթերը փոխարինվել են: Դրանից հետո բեռի ուղարկողն արդեն դարձել է «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, Ալավերդի), իսկ ստացողը` «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա):

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով․ «նկատի ունենալով, որ [ՌԴ ԱԴԾ] հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:  Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ»;

Անդրադառնալով ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի մասին մամուլում առկա հրապարակումներին՝ ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում էր տարածել, ըստ որի պոլիէթիլենային թաղանթով բեռնված բեռնատարի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել