Կանադայում զանգվածային սպանությունների մեջ մեղադրվողներից մեկը մահացած է հայտնաբերվել. երկրորդին դեռևս որոնում են
 |hetq.am|
12:56 - 06 սեպտեմբերի, 2022

Կանադայում զանգվածային սպանությունների մեջ մեղադրվողներից մեկը մահացած է հայտնաբերվել. երկրորդին դեռևս որոնում են |hetq.am|

hetq.am: Կանադայի ոստիկանությունը հայտնել է, որ Սասկաչևան նահանգում զանգվածային սպանությունների իրագործման մեջ կասկածվող անձանցից մեկը մահացած է հայտնաբերվել։ BBC-ն, հղում անելով Կանադայի ոստիկանությանը, գրում է, որ 31-ամյա Դեմիեն Սանդերսոնի մարմինը հայտնաբերվել է բնիկ հնդկացիների Ջեյմս Սմիթ ռեզերվացիայի տարածքում, որտեղ բնակվում էին զոհերի մեծ մասը։

Ըստ նախնական տվյալների՝ կասկածյալները եղբայրներ են եղել։ Ոստիկանությունը հայտնում է, որ Մայլզ Սանդերսոնը դեռևս ազատության մեջ է, և, ենթադրաբար, գտնվում է Սասկաչևանի մայրաքաղաք Ռեջայնա քաղաքում։ 

Հիշեցնենք, որ կիրակի օրը 10 մարդ էր զոհվել և ևս 15-ը վիրավորվել Կանադայի Սասկաչևան նահանգում տեղի ունեցած զինված մի քանի հարձակումների հետևանքով, ինչը դարձել էր Կանադայի նորագույն պատմության բռնության ամենաարյունալի դեպքը։ 

Ոստիկանապետի օգնական Ռոնդա Բլեքմորը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Դեմիենի մարմինը հայտնաբերվել է բաց երկնքի տակ, տներից մեկի մոտ գտնվող խիտ խոտածածկ հատվածում, որտեղ ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել։ Նրա խոսքով՝ Դեմիենի մարմնի վրա վնասվածքի հետքեր են եղել։ Ոստիկանությունը հայտնել է, որ նրա եղբայրը՝ Մայլզը դեռևս փախուստի մեջ և մարդկանց կոչ արել աչալրջություն պահպանել։ 

Մայլզ Սանդերսոնն ունի դատվածության մի քանի դեպք և բազմիցս ենթարկվել է պատասխանատվության՝ անձի և սեփականության դեմ հանցագործությունների համար: Սպանությունները ցնցել էին Սասկաչևան նահանգը, որտեղ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում 13 առանձին վայրերում հարձակումների վերաբերյալ։ «Այսպիսի կամ ցանկացած այլ բռնություն տեղ չունի մեր երկրում»,- երկուշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, հայտարարել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել