Հաղթանակ թաղամասի մի շարք բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց |news.am|
12:56 - 05 սեպտեմբերի, 2022

Հաղթանակ թաղամասի մի շարք բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց |news.am|

news.am: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մի քանի բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան ցուցապաստառներ՝ «Հաղթանակ թաղամասը պահանջում է», «Ոչ լղոզված պատասխաններին», «Պահանջում ենք բնակելի կառուցապատում», «Մենք ուզում ենք ապրել Հայաստանում», «Արտագաղթը ապագա չէ», «Պահանջում ենք մեր սեփական հողերի իրավունքը»: ։

Բնակիչները պահանջում են, որ քաղաքապետարանի պաշտոնյաները դուրս գան ու պատասխանեն իրենց մտահոգող հարցերին։

«Եթե նիստ ունեք, ընդհատեք ձեր նիստը, որովհետև մեր վիճակն օրհասական է։ Խնդրում և պահանջում ենք ձեզ հետ հանդիպում, իջեք ներքև: Էս մարդկանցից քաղաքական անհնազանդներ մի սարքեք, որովհետեւ մենք կուսակցական չենք, մենք ՀՀ հպարտ քաղաքացիներն ենք եւ բոլորն այստեղ վարչապետներ են, իջեք ներքեւ»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ բնակիչ մանրամասնեց՝ քաղաքային իշխանությունները չեն սեփականաշնորհում իրենց պատկանող հողատարածքներն ու տները, ինչի հետևանքով էլ չեն կարողանում վերանորոգել կաթացող տանիքը։

«Երեք տարի մենք գնում ենք թաղապետարան-քաղաքապետարան-կադաստր, ինչ պահանջել են, բերել ենք, փաստաթղթերի բնօրինակներն ու պատճենները, ամեն բան իրենց մոտ է, բայց խնդրին պատասխան չեն տալիս։ Նույնիսկ փաստաբան եմ վարձել, իր հարցերին էլ չեն պատասխանում, քաղաքապետարանից ասում են՝ գնացեք թաղապետարան, թաղապետարանից՝ քաղաքապետարան։ Թաղամասի բնակիչ ենք երկար տարիներ, չենք կարողանում մեզ պատկանող հողամասը, տունը սեփականաշնորհել։ Հիմա ուզում եմ՝ տանիքը քանդենք, հենց քանդենք, հինգ չէ, հազար հոգով կգան մեր գլխին կլցվեն»,-ասաց Հաղթանակի բնակիչ մի կին։

Ինչ-որ պահի ակցիայի մասնակիցները փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել