ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը
20:29 - 19 օգոստոսի, 2022

ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը

Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը, այդ թվում նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց:

ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ ՀՀ կառավարության վկայակոչած իրադարձությունների, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր և Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքներ, նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված և մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել