Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի տարեվերջին
17:49 - 28 հուլիսի, 2022

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի տարեվերջին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։

Նիստին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների այլ ներկայացուցիչներ։

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածն այս տարի արդեն իսկ հանձնվել է շահագործման, իսկ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2022 թվականի ավարտը։

Ծրագրի իրականացման գործընթացը ավարտին հասցնելու համար նիստին անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերել են որոշ հողատարածքների օտարմանն ուղղված ընթացիկ աշխատանքների կատարմանը և այլն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել