Մևլյութ Չավուշօղլու. «Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից»
 |hetq.am|
14:34 - 21 հուլիսի, 2022

Մևլյութ Չավուշօղլու. «Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից» |hetq.am|

hetq.am: Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից։ Այդ մասին թուրքական TRT Haber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Եվ Ադրբեջանը, և Թուրքիան անկեղծ են այս հարցում։ Մենք կոնկրետ քայլեր ենք ցանկանում տեսնել Հայաստանից։ Մենք այդ գործընթացը համակարգում ենք Ադրբեջանի հետ, որովհետև մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Մոսկվայում և Բրյուսելում տեղի են ունեցել տարբեր հանդիպումներ։ Բացի այդ, ստեղծվել է սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողով, իսկ «ադրբեջանական կողմը ներկայացրել է խաղաղության պայմանագրի առաջարկ»։

Չավուշօղլուի պնդմամբ՝ Հարավային Կովկասում Թուրքիան խաղաղություն է ուզում, իսկ 2020 թվականի պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումներն ակնհայտ են։

Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Էրդողանը Փաշինյանին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր դիրքորոշումը։ Ընդ որում, այս հարցով Չավուշօղլուն այլ մանրամասներ չի հայտնել։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել էր Վիեննայում։ Դրա արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել