ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է անում չլարել ներքաղաքական իրավիճակը և ձեռնպահ մնալ ատելության խոսքից |armenpress.am|
13:44 - 08 հունիսի, 2022

ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է անում չլարել ներքաղաքական իրավիճակը և ձեռնպահ մնալ ատելության խոսքից |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Միությունը չափազանց կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերիշխանության հաստատումը, խտրականության դեմ պայքարը Հայաստանում: «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Մենք մշտապես աջակցել ենք արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը, ինչի նպատակով երկարաժամկետ ու կարճաժամկետ աջակցություն ենք տրամադրել: Մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ Հայաստանը վերջին տարիներին գործադրել է ժողովրդավարական գործընթացների առումով: Նաև շատ կարևոր է այն,որ  քաղաքական ղեկավարությունը հանձնառու է շարունակել սահմանադրական բարեփոխումները, որոնք նախատեսված են դատաիրավական բարեփոխումների 2019-2021 թվականների ռազմավարությամբ»,- ընդգծեց Վիկտորինը:

ԵՄ դեսպանի խոսքով՝ անկախ դատական համակարգը ժողովրդավարական երկրում երաշխավորն է մարդկանց իրավունքների և ազատությունների, ուստի Սահմանադրական դատարանը կարևոր դերակատարում ունի ամրապնդելու հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:

«Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և մենք շատ տպավորված ենք, որ իշխանությունները պատրաստակամորեն շարունակում են ընթանալ բարեփոխումների ուղիով: Ներկայումս երկրում մեծ լարվածություն կա, և շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերն աշխատեն միասին՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Մենք ուշի ուշով հետևում ենք երկրում ներքաղաքական իրավիճակին և բողոքի ցույցերին: Բոլոր կողմերին մեկ ուղերձ ենք փոխանցում՝  նվազեցնել լարող իրավիճակը:

Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ բարձրաձայնել իրենց կարծիքը,  իսկ իրավապահ մարմիններն ու ոստիկանական ուժերը պետք է ձեռնպահ մնան բիրտ ուժի գործադրումից: Տեղի ունեցած որոշ միջադեպեր ենթակա են քննության, որոշ դեպքերում դա արդեն իսկ տեղի է ունենում, գործերը հասնում են դատարան և կայացվում է որոշում: Այդպես է աշխատում ժողովրդավարությունը»,- ասաց Վիկտորինը:

ԵՄ դեսպանը կարևորում է, որ Հայաստանում բոլոր կողմերը ձեռնպահ մնան ատելության խոսքից, սադրանքներից: Նրա խոսքով՝ պետք է դատապարտվի ցանկացած բռնություն:

«Այս իրավիճակում, կարծում եմ, որ ավելի քան կարևոր է խրախուսել վստահությունը մեր Սահմանադրական դատարանի և դատական համակարգի նկատմամբ»,- եզրափակեց Վիկտորինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել