Կենդանաբանական այգու ուսումնասիրությունները կհրապարակվեն նախաքննությունից հետո, հնարավոր է տնօրենի փոփոխություն. Փոխքաղաքապետ |aysor.am|
12:09 - 16 մայիսի, 2019

Կենդանաբանական այգու ուսումնասիրությունները կհրապարակվեն նախաքննությունից հետո, հնարավոր է տնօրենի փոփոխություն. Փոխքաղաքապետ |aysor.am|

aysor.am։ Մայիսի 15-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է «Կենդանասերների նախաձեռնող խմբի» անդամների հետ, որոնք տևական ժամանակ պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը, այս մասին  տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Տեղեկատվության մեջ նշված է, որ կենդանասերներին հետաքրքրել են այգում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները, կառավարման խորհրդի ձևավորման ընթացքն ու կազմը, նաև՝ այգու ներկա տնօրենի լիազորությունների դադարեցման հնարավոր տարբերակը:

«Խոսելով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի իրականացրած ուսումնասիրությունների մասին՝ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ արդյունքների մասին հանրությունը մանրամասն կիրազեկվի: Փոխքաղաքապետը նաև ավելացրել է, որ դրանք կհրապարակվեն նախաքննության ավարտից հետո միայն: Անդրադառնալով կենդանասերների՝ քաղաքապետարան ուղղած հարցադրումներին՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է.

«Ցանկացած հարց, որ գրավոր ուղարկվել է մեզ, ուսումնասիրվել է, այդ թվում՝ ինչպես փասթաթղթային խնդիրների, այնպես էլ կենդանիների անկման հետ կապված հարցերը: Ի դեպ, վերջինով զբաղվում է առանձին մասնագիտացված կառույց: Ոսւումնասիրությունների վերաբերյալ տրվել են նաև համապատասխան գնահատականներ, որոնք անպայման կտրամադրվեն ձեզ», - նշել է Վիրաբյանը:

Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի ստեղծման առնչությամբ փոխքաղաքապետը նկատել է՝ հաշվի առնելով, որ խորհրդի անդամները ոչ ֆորմալ առումով դառնալու են այգու կառավարիչներ, պետք է ընտրվեն այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն կունենան մասնագիտական փորձ և կլինեն կենդանասերներ, այլև կպատկերացնեն այգու հետագա զարգացումն ու կվայելեն հանրության վստահությունը:
Տնօրենի լիազորությունների դադարեցման վերաբերյալ քաղաքապետի տեղակալը շեշտել է, որ այս առումով ասելիք կլինի միայն նախաքննության ավարտից հետո:

«Չնայած այս պահին ընթանում է նախաքննություն, սակայն, մենք փնտրում ենք կենդանաբանական այգու ղեկավար կազմը փոփոխելու ճանապարհներ, ինչի մասին տեղյակ է նաև անձամբ Ռուբեն Խաչատրյանը», - ավելացրել է Տիգրան Վիրաբյանը:
Կենդանասերները նշել են, որ իրենց հարցադրումներում կան որոշակի հստակեցումներ, սակայն իրենք կսպասեն ուսումնասիրությունների արդյունքներին:

«Կա խնդիր, որն օրհասական է և դա կենդանիների շարունակական անկումն է: Մենք գտնում ենք, որ առավել նպատակահարմար է ժամանակավորապես դադարեցնել տնօրենի լիազորությունները՝ նախքան նախաքննության ավարտը», - նշել է «Կենդանասերների նախաձեռնող խմբի» համակարգող Արմեն Ումրշատյանը:

«Մենք հրաժարվել ենք դիմումներ գրել տալու կամ զանգով աշխատանքից ազատելու մեխանիզմներից: Լիազորությունների դադարեցումը, հեռացումը կամ նշանակումը պետք է լինի միայն իրավական բավարար հիմքեր ունենալու և օրենքով մեզ տրված լիազորությունների շրջանակում: Ցավոք, ես չեմ կարող լիազորությունների դադարեցման հիմքում դնել այն, որ պարոն Խաչատրյանը չի վայելում կենդանասերների սերն ու հարգանքը: Սա՝ զուտ իրավական տեսանկյունից:

Բայց նաև ուզում եմ վստահ լինեք, որ մենք կարևորում ենք ձեր ներկայությունն ու անհանգստությունն այս խնդրի շուրջ: Ստեղծված իրավիճակի ու անհանգստության մասին զրուցել ենք նաև այգու աշատակիցների հետ հանդիպումների ժամանակ, որոնք անցել են անմիջական մթնոլորտում՝ առանց տնօրենի մասնակցության: Աշխատակիցների մեծամասնությունն, ի դեպ, նշում էր, որ աշխատանքային մթնոլորտն առողջ է և իրենք դեմ են տնօրենի ազատմանը», - ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

Փոխքաղաքապետը նաև տեղեկացրել է, որ քաղաքապետարանն այժմ նախաձեռնել է այգու ցանկապատի ամրացման նախագծանախահաշվային աշխատանքները», - ասված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել