Քոչարյանի գործն արդեն սկսում է գլխացավանք դառնալ Հայաստանի համար |lragir.am|
07:20 - 21 մայիսի, 2019

Քոչարյանի գործն արդեն սկսում է գլխացավանք դառնալ Հայաստանի համար |lragir.am|

lragir.am։ Փաստաբան Նորայր Նորիկյանը խոսել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական գործի մասին։

Պարոն Նորիկյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ելույթը դատական բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես նա հայտարարեց, որ անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է և դա պետք է արագ իրականացնել, և նաև նշեց, որ այսօրվա դատավորների մեծ մասը
նախկին համակարգի մաս են։

Դատական համակարգում իրականացվող բոլոր բարեփոխումները ողջունում եմ։ Բոլոր առումներով ես մեկ անգամ էլ կհորդորեմ Փաշինյանին ևս մեկ անգամ սթափ վերլուծել անցումային արդարադատության գաղափարի ներդրման անհրաժեշտությունը՝ հետևյալ հարցադրումներն անելով, թե արդյոք գործող իրավական գործիքները բավարար չեն ՀՀ-ում օրինականություն հաստատելու համար, և արդյոք ՀՀ օրենսդրությունը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծելու և անհրաժեշտ անցումային արդարադատության բաղադրիչը ներդնելու հնարավորություն չի տալիս։

Եկեք արձանագրենք, որ անցումային արդարադատությունը լուրջ խնդիր է, ու թեև շատ երկրներում այն կիրառվել է, բայց դրա առանձնահատկությունները մենք պետք է կարողանանք ադապտացնել մեր պրոբլեմների հետ։

 Ես կարծում եմ, որ մենք լուրջ խնդիրների առջև կկանգնենք այդ առումով, ուստի առաջանում են հետևյալ հարցադրումները՝ ովքեր են իրականացնելու անցումային արդարադատությունը, ինչ շրջանակներ է իր մեջ ներառելու այդ անցումային արդարադատությունը, ինչ որոշումներ են կայացնելու, այդ որոշումներն արդյոք բողոքարկվելու են, թե ոչ, եթե բողոքարկվելու են, ապա ում են բողոքարկվելու։

 Արդյոք այդ անցումային արդարադատություն իրականացնող դատավորները վարձատրվելու են, եթե այո, ում կողմից են վարձատրվելու։ Մենք ո՞ր թվականից ենք սկսելու անցումային արդարադատության իրականացումը՝ 1991-ից, 1998-ից, 2008-ից։ Ո՞ր ոլորտներն ենք ներգրավելու, ընտրական ոլորտը, բիզնես ոլորտը։

 Սրանք խնդիրներ են, որոնք լուրջ ուսումնասիրման ու վերլուծության կարիք ունեն, ուստի ես կարծում եմ, որ այս առումով կարևոր է, որ մինչև որոշում կայացնելը մենք ևս մեկ անգամ սթափ վերլուծենք։

Ինչ վերաբերում է ելույթի մնացած դրույթներին, ես համաձայն եմ այդ գործընթացներն իրականացնելուն, մանավանդ ֆիլտրացիայի մասին օրենքի ընդունմանը։

Պարոն Նորիկյան, պարզ դարձավ, որ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է և ուղարկվել է Սահմանադրական դատարան։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։

Ես բովանդակությանը ծանոթ չեմ, բայց այնուամենայնիվ «Մարտի 1»-ի գործը և Քոչարյանի գործը արդեն սկսում է Հայաստանի համար գլխացավանք դառնալ, դրանում սկսում եմ համոզվել։ Այս գործը մեզ շատ լուրջ փորձության մեջ է ներքաշում։

 Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Քոչարյանի գործը ամբողջ դատաիրավական համակարգի համար իսկական փորձություն է լինելու ու ակնկալում եմ, որ վերջնարդյունքում մենք կունենանք օբյեկտիվ դատական ակտ, որը կփարատի հասարակության կասկածները։

 Նախ պետք է տեսնել, թե ինչ պատճառաբանությամբ է գործը կասեցվել, արդյոք այդպիսի դատավարական իրավունքով օժտված է դատարանը՝ կասեցնել գործն ու ուղարկել ՍԴ։ Ես չգիտեմ, թե ինչ է դրել դատարանն այդ որոշման հիմքում։ Տեսնենք, թե Սահմանադրական դատարանի որոշումն ինչ կլինի։

Շարունակությունը՝ lragir.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել