ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ երկու երկրները բոլոր ոլորտներում համագործակցության զգալի փորձ են կուտակել։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև ընթանում է բովանդակալից քաղաքական երկխոսություն, զարգանում է արդյունավետ համագործակցություն առևտրային, տնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասվում է Կրեմլի կայքում տեղադրված շնորհավորական հեռագրում։
«Մոսկվան և Երևանը համակարգում են ջանքերը ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ–ի և այլ միջազգային կառույցների շրջանակում։ 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարումը նպաստում է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»։
Բացի այդ, Պուտինը վստահություն է հայտնել, որ ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին։
Հայաստանն ու Ռուսաստանը ուղիղ 30 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 3-ին, հուշագիր ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։
Գլխավոր լուսանկարը՝ ՏԱՍՍ-ի
comment.count (0)