Թավշյա հեղափոխությամբ սկսված ժողովրդավարական զարգացումները բարձր գնահատանքի են արժանացել ԱՄՆ-ում. դեսպան Ներսեսյանի |armenpress.am|
05:51 - 10 մայիսի, 2019

Թավշյա հեղափոխությամբ սկսված ժողովրդավարական զարգացումները բարձր գնահատանքի են արժանացել ԱՄՆ-ում. դեսպան Ներսեսյանի |armenpress.am|

armenpress.am։ Ժողովրդավարական ձեռքբերումների ամրապնդման նպատակով կենսունակ ինստիտուտների կայացման և զարգացման գործում Միացյալ Նահանգները պատրաստակամ է տրամադրել լիարժեք աջակցություն: Այս մասին  նշեց ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը՝ ներկայացնելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի արդյունքներն ու օրակարգը: Դեսպանը անդրադարձել է նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին ու դրանց հարակից այլ հարցերին:

-Պարոն դեսպան, օրերս կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը` նոր ձևաչափով: Ի՞նչ է այն ենթադրում: Ներկայացրեք, խնդրեմ, հանդիպման արդյունքներն ու օրակարգը:

-Իրապես ճիշտ նկատեցիք, որ այս անգամ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստն արդեն իսկ կայացավ նոր` ռազմավարական երկխոսություն ձևաչափով, և այս նոր ձևաչափը համահունչ է վերջին տարիներին զարգացող և ընդլայնվող մեր հարաբերություններին:

Oրակարգն, իհարկե, բավական ընդգրկուն էր ու համապարփակ: Կարելի է ասել՝ հանդիպման ընթացքում կողմերին հաջողվեց լիարժեք կերպով անդրադառնալ հայ-ամերիկյան օրակարգի բոլոր հարցերին, նախանշել համագործակցության ընդլայնման ուղղությունները քաղաքական և տնտեսական բնագավառներում:

Առանձնակի ուշադրություն դարձվեց թավշյա հեղափոխության արդյունքում մեր երկրում տեղ գտած աննախադեպ ժողովրդավարական ձեռքբերումների ամրապնդման նպատակով կենսունակ ինստիտուտների կայացման և զարգացման հարցին: Այս հարցում Միացյալ Նահանգները պատրաստակամ է տրամադրել լիարժեք աջակցություն:

Կարևոր էր նաև համագործակցության հեռանկարների քննարկումն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են՝ դատական և իրավապահ համակարգի բարեփոխումները, բարձրագույն և մասնագիտական կրթության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության և այլ ոլորտները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս բոլոր հարցերում, ի դեմս ԱՄՆ-ի, մենք ունենք հուսալի և սկզբունքային գործընկեր:

Իհարկե, նմանօրինակ հանդիպումը չէր կարող անցնել առանց առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության հարցերի քննարկման:
Հանդիպման արդյունքում ստորագրվեցին համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն մեր երկրում տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով:

Բացի այդ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտարարեց նոր եռամյա նախաձեռնության մասին, որի առաջին տարվա համար նախատեսված է 6 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, այս գործընթացում քաղաքացիների ներգրավվածությանը և շոշափելի արդյունքների ապահովմանը:

Բնականաբար, քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր: Այսինքն` նոր ձևաչափով քննարկումներն անցել են բավական լայն օրակարգով՝ ներառելով մեր երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր հարցերը, այդ թվում՝ ռազմավարական կարևորության:
Նշեմ նաև, որ ամերիկյան պատվիրակության բարձրաստիճան բազմանդամ կազմը, որում առաջին անգամ ընդգծված էր նաև ԱՄՆ պետքարտուղարի չորս փոխտեղակալ, ինքնին խոսում էր այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական խորացմանն ու ամրապնդմանը:

-Առհասարակ ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ներկա մակարդակը: Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերություններում վերջին շրջանում:

-Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնային գերակայությունների ցանկում: Մենք մեծապես կարևորում ենք ԱՄՆ շարունակական ներգրավվածությունն ու դերակատարությունը մեր տարածաշրջանային գործընթացներում: Ուրախ եմ, որ հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով:

Մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ սկիզբ առած ժողովրդավարական զարգացումները բարձր գնահատանքի են արժանացել Միացյալ Նահանգներում՝ նոր հնարավորություններ բացելով երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման, հեռանկարային նոր ոլորտների բացահայտման և ծրագրերի իրականացման համար:

Այս ընթացքում հարաբերություններին բնորոշ էր տարբեր մակարդակներով և ձևաչափերով հանդիպումների և փոխայցելությունների բարձր դինամիկա, սակայն այստեղ ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մեր հարաբերությունների լավագույն գնահատականը բովանդակությունն է, և օրերս կայացած նիստի օրակարգի ընդգրկունությունը դրա վառ ապացույցն է: Համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները շատ են, ինչի մասին հանգամանալից խոսվեց նաև նիստի ընթացքում:

Այս տարի առաջընթաց է արձանագրվել նաև միջխորհրդարանական հարաբերությունների ոլորտում: Մասնավորապես` ապրիլին կայացավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի» (House Democracy Partnership) երկկուսակցական հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան, որն ազդարարեց հանձնաժողովի ու ՀՀ Ազգային ժողովի միջև ինստիտուցիոնալ հարաբերություններ ձևավորելու մեկնարկը:

 

Ավելին՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել