ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Երևանում վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցելու հարցում |aysor.am|
15:23 - 07 մայիսի, 2019

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Երևանում վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցելու հարցում |aysor.am|

aysor.am: Այսօր Երևանում ավարտվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության անդանիկ նիստը, որի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի միջև տեղի է ունեցել օժանդակության և անցումային ծրագրի շուրջ համաձայնության ստորագրման արարողություն։

Ջորջ Քենթը, որը հայ-ամերիկյան ստրատեգիական երկխոսության համանախագահն է, լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև համագործակցության ոլորտների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Նրա խոսքով, նիստի աշխատանքները տևել են ութ ժամ, որն անցել է «շատ արագ»։

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանին ու հայ ժողովրդին՝ օգնելով երկրի բարգավաճմանը, անվտանգության ապահովմանը, հարևանների հետ խաղաղ գոյակցելուն և զարգացմանը՝ որպես ժողովրդավարական երկիր։ Ահա այդ է պատճառը, որ մենք այստեղ ենք և հայտնեցինք պատրաստակամություն հայ-ամերիկյան բարեհաջող համագործակցությունը շարունակելու համար»,- հայտարարեց ԱՄՆ պաշտոնյան։

Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք ռազմաարդյունաբերական համագործակցության մասին հարցեր քննարկե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և արդյոք ԱՄՆ-ի կողմից կոնկրետ առաջարկներ եղե՞լ են։

Ի պատասխան ամերիկացի դիվանագետն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ այս հանդիպումը երկրորդն էր ու անցել է շատ լավ պայմաններում։ Հանդիպման ժամանակ, Քենթի ներկայացմամբ, խոսել են բազմաթիվ հարցերի շուրջ։

«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսլականը, խոսել ենք Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ, քննարկել ԱՄՆ դերը այդ հակամարտության լուծման հարցում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր։ Մեր պատվիրակության մյուս ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հայաստանի կառավարության այլ նախարարների հետ։ Այս այցի շրջանակներում դիտարկվեցին ու քննարկվեցին մեր համագործակցության տիրույթում գտնվող բոլոր հարցերը»,- ավելացրեց դիվանագետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել