Կիևում առավոտյան մի քանի անգամ օդային տագնապ է հայտարարվել |tert.am|
11:59 - 25 փետրվարի, 2022

Կիևում առավոտյան մի քանի անգամ օդային տագնապ է հայտարարվել |tert.am|

tert.am: Կիևում փետրվարի 25-ի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել: Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին տեղեկացնում է Կիևի քաղաքային պետական վարչությունը։

«Ուշադրություն, օդային տագնապ է հայտարարված, անմիջապես շարժվեք մոտակա ապաստարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ տեղի ժամանակով առավոտյան 4:22-ի սահմանում Կիևում մի քանի պայթյուն է լսվել քաղաքի տարբեր հատվածներում։

Ըստ աղբյուրի՝ գիշերը քաղաքի երկնքում հակառակորդի թռչող սարք է խոցվել. դրա մասերը հարվածել են բնակելի շենքին։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այսօր ռուսական զորքերը կփորձեն գրոհել Կիևը։

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ ռուսական զորքերը պատրաստվում են փետրվարի 25-ին հարձակվել Կիևի վրա: 

«Ամենադժվար օրը կլինի այսօր: Թշնամու ծրագիրն է Իվանկովից և Չեռնիգովից տանկային շարասյուներով ճեղքել մինչև Կիև»,- գրել է նա՝ հավելելով, որ «ռուսական տանկերը հիանալի այրվում են», երբ խոցվում են «Ուկրաինայի դաշնակիցների նվերներով (նկատի ունի Արևմուտքից ստացած զինատեսակները-Tert.am)»:

Մինչդեռ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնում է, որ զինվորականները մարտեր են մղում Դիմեր և Իվանկով բնակավայրերի տարածքներում, որտեղ մեծ թվով հակառակորդի զրահամեքենաներ են կուտակվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել