Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը նոր դաշինք են կազմում
22:25 - 17 փետրվարի, 2022

Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը նոր դաշինք են կազմում

Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը պաշտոնապես գործարկել են եռակողմ համագործակցության ձևաչափ՝ ուղղված տնտեսական, առևտրային և էներգետիկ, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը։ Նշվում է, որ երեք երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը շուտով կհայտնվի նախարարությունների պաշտոնական կայքերում։

UNIAN-ի թղթակցի փոխանցմամբ Կուլեբան այս մասին ասել է Կիևում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Էլիզաբեթ Թրուսի հետ առցանց ճեպազրույցի ժամանակ։

«Այսօր մենք նաև պատիվ ունենք հայտարարելու Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի կողմից եռակողմ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման մասին»,- ասել է Կուլեբան։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ համապատասխան համատեղ հայտարարություն շուտով կհայտնվի երեք երկրների արտգործնախարարությունների պաշտոնական կայքերում։

«Դրանում, մասնավորապես, ասվում է, որ Մեծ Բրիտանիան և Լեհաստանը կկանգնեն ուկրաինացի ժողովրդի կողքին՝ Ուկրաիանայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ջանքերում: Լեհաստանը և Մեծ Բրիտանիան կօգնեն մեզ պաշտպանել մեր պետությունը»,- մասնավորեցրել է Կուլեբան՝ հավելելով, որ բացի այդ՝ երեք երկրները կկենտրոնանան տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի վրա։

Նրա խոսքով երեք երկրները հատուկ ուշադրություն կդարձնեն Ղրիմի պլատֆորմին աջակցելուն։

Նախարարը նշեց, որ հետագայում զգույշ աշխատանք է տարվելու, որպեսզի եռակողմ այս ձևաչափը լինի հնարավորինս պրագմատիկ, երկարաժամկետ և արդյունավետ։

«Վստահ եմ, որ մեր սերտ եռակողմ համագործակցությունը կդառնա Եվրոպայում անվտանգության, խաղաղության և զարգացման արդյունավետ երաշխիք»,- ասել է Կուլեբան։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն ասել էր, որ Ուկրաինան չի կարող սպասել անվտանգության և բարգավաճման ինչ-որ ժամանակ ապագայում, երբ դառնա ԵՄ և ՆԱՏՕ անդամ․ «Արդեն այսօր մենք նրանց կարիքն ունենք: Հետևաբար, արդեն գործնական հզորացման ենք հասնում, բարեկամ և բարեհամբույր երկրները միավորում ենք փոքր դաշինքների: Մենք ստեղծում ենք անվտանգության և բարգավաճման գոտի և ամրապնդում Բալթիկ-Սև ծով առանցքը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել