Փոքր ներդրումները, որ պետությունը վերջապես սկսել է անել գիտության մեջ, ուզում է մի հարվածով վերացնել․ ՆՕ քիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող
14:52 - 15 փետրվարի, 2022

Փոքր ներդրումները, որ պետությունը վերջապես սկսել է անել գիտության մեջ, ուզում է մի հարվածով վերացնել․ ՆՕ քիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, որը Երևանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում նախատեսում է բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, կիրակի վաղ առավոտյան փորձել է կտրել կենտրոնի ճաղավանդակները՝ ներս անցնելու եւ որոշ աշխատանքներ իրականացնելու համար։ Սա առաջացրել է Ինստիտուտի աշխատակիցների վրդովմունքը․ նրանց պնդմամբ՝ այդ տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը խոչընդոտելու է Ինստիտուտի բնականոն աշխատանքին․ Կենտրոնի աշխատակիցներն անթույլատրելի են համարում քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող կենտրոնի օտարված տարածքում ջրավազանի փոխարեն բարձրահարկ բնակելի համալիրի կառուցումը՝ շեշտելով, որ Գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքը պարզապես անհամատեղելի են։

Այսօր թեմայի վերաբերյալ ասուլիսի ժամանակ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, խոսելով Կենտրոնի եւ կառուցվելիք համալիրի անհամատեղելիության մասին, նշեց ջրավազանը, որի տեղում պետք է կառույց լինի, Ինստիտուտի մասնաշենքերից լավագույն դեպքում 30 մետր է հեռու։ Նրա խոսքով՝ եթե կառուցվելիք շենքում բնակիչներ լինեն, քիմիական հոտերը զգալու են, բողոքելու են, թեպետ դրանք մեծ մասամբ վտանգավոր չեն․ «Այդ ժամանակ Ինստիտո՞ւտն է փակվելու, թե՞ բնակելի շենքն է քանդվելու»,- հարց հնչեցրեց բանախոսը։

Արդեն երկու օր է՝ Ընկերությունը տարածքում նախագծման որոշակի աշխատանքներ է կատարում, երկրաբանական հետախուզություն անում, եւ, Հակոբյանի պնդմամբ, արդեն իսկ խաթարվում է Ինստիտուտի աշխատանքը․ «Վաղը-մյուս օրը, երբ էքսկավատորներ էլ աշխատեն, էդ ձայնը, վիբրացիան ինչ վնասներ կհասցնեն՝ ոչ մեկը չի գնահատում։ Դա հաստատ վնասելու է Ինստիտուտին»։

Ինստիտուտի աշխատակիցները նշում են՝ Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1,000,000 ԱՄՆ դոլար, շատ զգայուն են եւ ցանկացած ցնցումից կարող են վնասվել եւ այլեւս չաշխատել։ Սարքերից ամենանորը՝ 600,000 եվրո արժողությամբ գերժամանակակից միջուկա-մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սարքը, տարածաշրջանում նմանատիպ միակ հատուկ սարքն է, առանց որի Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։ Ֆիզիկոսները եւ կենսաբանները եւս օգտվում են այդ սարքից, քանի որ շատ փորձարարական աշխատանքներ անմիջապես դրա հետ են կապված։

Ինստիտուտի ավագ գիտաշխատող Աստղիկ Շահխաթունին նկատեց՝ ամենօրյա աշխատանքն էլ վտանգված է փոշուց, հիմա այնպես են սարքերը տեղադրել, որ ցանկացած շարժից՝ անգամ մեքենաների, հեռու լինի․ «Գնահատում չի արվել՝ ինչ ազդեցություն կլինի։ Հազիվ ենք կարողացել այդ սարքերը գնել, եւս մեկը պատրաստվում ենք գնել, որը եզակի սարք է։ Այդ փոքր ներդրումները, որ պետությունը վերջապես սկսել է անել, ուզում է մի հարվածով այդ ամենը վերացնել։ Գիտությունը հայտարարվել է որպես գերակա ուղղություն, մի ձեռքով ուզում է աջակցություն տրամադրել, մյուսով՝ չգիտես՝ ինչ է ուզում անել»,- ասաց ավագ գիտաշխատողը։

Ինստիտուտի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանն էլ ասաց, որ հարցի վերաբերյալ Ընկերության ներկայացուցիչների հետ մեկ անգամ են հանդիպել՝ հանպատրաստից․ «Այդ ժամանակ նորմալ քննարկում չի եղել, որովհետեւ առաջին վերաբերմունքը եղել է, թե՝ տարածքի շենքերն ինչներիդ են պետք, մենք երիտասարդներին բնակարան կտանք, եւ այլն, իսկ դա ավելի շուտ կաշառք է դիտարկվում, քան համագործակցության եզր»։ Ավագ գիտաշխատողը նաեւ նշեց, որ հանդիպումներ, որպես այդպիսին, չեն ունեցել իրավասու պետական մարմինների հետ, եթե իրենք չեն խնդրել այդ հանդիպումը․ «Չի ստացվում, որ ներդրում է արվում, որովհետեւ հասցվելիք վնասն ավելի մեծ է»,- շեշտեց նա։

Խնդրո առարկա տարածքը 2007 թվականին վաճառվել է 1մլն դրամով, մեկ տարի հետո՝ 300 մլն դրամով, հետո վերավաճառվել է նույն հասցեում գրանցված մարդկանց, վերջում՝ 2019-ին օրենքի տեսանկյունից բարեխիղճ գնորդ է եղել «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, եւ հարցը, Ռոբերտ Հակոբյանի խոսքով, փակվել է։

2016թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ գործարքը դարձվել ուսումնասիրության առարկա, որի ընթացքում պարզվել է, որ այդ անշարժ գույքի սկզբնական օտարման գործընթացում սահմանված կարգով գույքի գնահատում չի կատարվել, եւ հողը երրորդ անձի հանձնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի համաձայնության մասին որեւէ որոշում չի կայացվել:

Այդ ուսումնասիրության արդյունքում է պարզվել, որ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում գտնվող անշարժ գույքը օրենքի խախտմամբ է 2006թ. օտարվել կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից շուրջ 220 անգամ պակաս արժեքով: Քանի որ ուսումնասիրությունների արդյունքում առերեւույթ հանցագործության մասին տվյալներ էին ստացվել, Դատախազությունը դրանք 2016թ. ուղարկել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության արդյունքում հաստատված է համարվել, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնական անփութության արդյունքում: Այսինքն՝ իրականացված նախաքննությամբ հանցագործության կատարման փաստը հաստատվել է: Բայց քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու որոշումներ են կայացվել այդ գործով, քանի որ վերոնշյալ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետներն անցած են եղել: 

Գիտական հանրության համար խնդրի լուծման միակ հասկանալի եւ ընդունելի տարբերակն այն է, որ կառուցապատողն ընտրի այլ տարածք՝ հեռու մնալով գիտական տարածքներից։ 

Գիտաշխատողները կառավարության հստակ դիրքորոշմանն են սպանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել