Հայաստանի հետ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր. Արգենտինայի ԱԳ նախարարի հարցազրույցը |armenpress.am|
09:20 - 14 փետրվարի, 2022

Հայաստանի հետ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր. Արգենտինայի ԱԳ նախարարի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Արգենտինան դիրքավորվել է Հայաստան ուղղված ամենախոշոր ներդրումային հոսքերով առնվազն տասը առաջատար երկրների ցանկում։ Հիմնվելով երկու տնտեսություններում առկա ներուժի վրա՝ հիմնավոր սպասումներ կան, որ հնարավոր է մեծացնել առևտրի ծավալը։ Քաղաքական երկխոսությունը զարգանում է ներդաշնակորեն՝ համագործակցության նոր ոլորտներ հայթայթելու հաստատակամությամբ։ Այս մասին հայտարարել է Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտիագո Անդրես Կաֆիերոն՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

-Հայաստանն ու Արգենտինան այս տարի տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը: Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս է զարգանում քաղաքական երկխոսությունը:

-Իսկապես, մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի նշման կապակցությամբ հունվարի 17-ին փոխանակել ենք նամակներ իմ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, որոնցում երկուստեք ընդգծել ենք մեր ժողովուրդներին միավորող պատմական բարեկամական կապերը և ընդհանուր հայացքն առ ապագա՝ բարեկամության և համագործակցության ընդհանուր հորիզոնից։

Այդ առումով, նպատակահարմար եմ համարում հիշեցնել, որ Արգենտինայի կողմից Հայաստանի՝ որպես ինքնիշխան և անկախ պետության ճանաչումը եղել է 1920թ.։ Հետագայում, ԽՍՀՄ-ի կազմաքանդումից հետո, հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ 1992թ. սկզբին։ Նախ` Հայաստանն իր դեսպանությունը բացեց Արգենտինայում 1994թ. մայիսին, հետո իմ երկիրը Հայաստանում՝ 2010թ. մայիսին։

Արգենտինան դրական է գնահատում Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները, որոնք ունեն ամուր հիմքեր և հիմնված են մեր ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության երկարատև ավանդույթների վրա։ Այդ համատեքստում, քաղաքական երկխոսությունը զարգանում է ներդաշնակորեն՝ կապերը շարունակաբար խորացնելու և համագործակցության նոր ոլորտներ հայթայթելու մեր կողմից առկա կամքով։

-Աշխարհում համավարակն ազդեցություն թողեց բոլոր երկրների տնտեսական կապերի վրա: Բացասական ներգործությունից անմասն չեն նաև Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալները: Թեև երկու երկրների առևտրատնտեսական կապերը բավական համեստ են, արդյոք տեսնո՞ւմ եք ներուժ կապերի աշխուժացման և ո՞ր ոլորտներում: Հայաստանի տնտեսության ո՞ր բնագավառներն են հետաքրքրություն ներկայացնում Արգենտինայի գործարարների համար՝ նոր կապեր ստեղծելու առումով:

-Համամիտ եմ Ձեր նկատառման հետ՝ համավարակի առաջացրած, և դեռ առկա  բացասական հետևանքների վերաբերյալ, բոլոր առումներով, և հատկապես երկրների հարաբերման հարթությունում։ Եթե խոսենք տնտեսական հարաբերությունների մասին ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակի ընթացքում Արգենտինան դիրքավորվել է Հայաստան ուղղված ամենախոշոր ներդրումային հոսքերով առնվազն տասը առաջատար երկրների ցանկում։ Ամբողջ Եվրասիայում Արգենտինան կարողացել է ունենալ այդպիսի դիրքավորում միայն Հայաստանում և կարծում եմ, որ դա ընդգծման արժանի հանգամանք է։ Մյուս կողմից, ճշմարիտ է, որ մեր առևտրային փոխանակումները դեռ համեստ են։ Սակայն, հիմնվելով այն ներուժի վրա, որ տեսնում ենք մեր երկու տնտեսություններում, հիմնավոր սպասումներ ունենք, որ ունակ կլինենք մեծացնելու մեր առևտրի ծավալը։ Այս առումով, Երևանում Արգենտինական առևտրային պալատի ստեղծումը 2021թ. սեպտեմբերին, որը խթանվել է մեր դեսպանության կողմից, կարևոր գործիք կլինի առևտրի զարգացումը շարունակելու համար, կծառայի որպես կամուրջ երկու երկրների գործարարների միջև, կխթանի փոքր և միջին ձեռնարկատիրությունը և կընդգրկի երիտասարդ փորձագետներին։ Նույն տրամաբանությամբ, 2021թ. օգոստոսին ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր «Էնթերփրայզ Արմենիա»-ի ու Ներդրումների և միջազգային առևտրի արգենտինական գործակալության միջև, որը թույլ կտա ամրապնդել համատեղ առևտրատնտեսական նախաձեռնությունները։ Այսինքն, նույնիսկ համավարակի ժամանակաշրջանում կարողացել ենք հասցեական քայլեր ձեռնարկել ուղղված մեր առևտրային փոխանակումների աճին։

-Հայաստանն ու Արգենտինան զարգացնում են համագործակցությունը նաև միջազգային բազմակողմ հարթակներում: Արգենտինան Ֆեդերիկո Վիլեգասի գլխավորությամբ 2022թ. նախագահում է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի Մարդու իրավունքների խորհրդում, որտեղ բոլորովին վերջերս փոխնախագահ ընտրվեց ՀՀ ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը: Բազմակողմ հարթակներում երկու երկրների գործակցությունն ինչպե՞ս կբնութագրեք և խորացման ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում:

-Մեր երկրները կիսում են արժեքներ և տեսլականներ, որոնք բազմակողմ ոլորտում, արտահայտվում են հստակ քայլերով՝ ուղղված աղքատության դեմ պայքարին, անհավասարությունների նվազեցմանը, արժանապատիվ աշխատանքի ստեղծմանը, ինչը կտանի դեպի հավասարաչափ տնտեսական զարգացում։ Սրանք ընդամենը ուղղություններից մի քանիսն են։ Այս բոլոր նախաձեռնություններում կան ընդհանուր դիրքորոշումներ և հնարավորությունների լայն շրջանակ, որպեսզի աշխատենք միասնաբար մեր հայ բարեկամների հետ։ Այդ առումով, միջազգային հարաբերությունների այնպիսի պահի, ինչպիսին ներկան է, միջազգային հանրության առաջ ծառացած այդչափ և այդքան կարևոր մարտահրավերներով, բազմակողմանիությունը գերակա է դառնում, ինչպես երբևէ, որպես ամենակարևոր և օգտակար գործիքը, որից պետք է օգտվենք այն երկրներս, որոնք ունեն հակվածություն և հանձնառություն՝ տալու պատասխաններ շտապ հարցերի, ինչպիսիք են գլոբալ տաքացումը, գենդերային անհավասարությունների դեմ պայքարը կամ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը։

Այս և այլ խնդիրների համար լուծումների փնտրտուքում, մեր երկրներն ունեն ընդհանուր տեսակետներ և խորքային ընդհանրություններ, որոնք, անկասկած, կարող են առաջացնել խելացի և արդյունավետ առաջարկներ այն տարաբնույթ բնագավառներում, որոնցում այդ հարցերը բարձրացվում են և քննարկվում։

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել