Դատախազությունն է պարտավոր Արմեն Բիլյանի «մեղավորության» ապացույցներ ներկայացնել, իսկ դրանք չկան. նա անհերքելի անարդարության զոհ է
17:10 - 10 փետրվարի, 2022

Դատախազությունն է պարտավոր Արմեն Բիլյանի «մեղավորության» ապացույցներ ներկայացնել, իսկ դրանք չկան. նա անհերքելի անարդարության զոհ է

Ալեք Ենիգոմշյան

2016թ. հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկան Գագիկ Մկրտչյանին հրազենային վիրավորում և ապա նրա մահը պատճառելու համար Արմեն Բիլյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքների և նրան 25 տարվա ազատազրկման դատապարտելու հարցի շուրջ ՀՀ դատախազությունը շարունակում է իր հակաօրինական և հակաիրավական, հետեւաբար հակապետական դիրքորոշումը: Նույն հարցի շուրջ իրենց՝ բոլոր առումներով հակաբարոյական և անսկզբունքային դիրքորոշումը շարունակում են նաեւ Բիլյանի նախկին զինակիցների առաջնորդները: 

Պատասխանելով «Ազատություն ռադիոկայանի» հարցին՝ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասել է, թե Բիլյանի անմեղության մասին փաստեր չեն տեսել և համաձայն են դատարանի որոշման հետ։ «Այդտեղ նոր երեւան եկած հանգամանք չկա՝ նոր վարույթ հարուցելու համար»,- փոխանցել է նա: 

Իսկ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը, ինձ ակնարկելով, ասում է. «Քաղաքական իմաստով հեռանալն ապագաղութացումից, բերում է մարդուն երեւույթների գնահատականի քրեական դաշտ արդեն, և «Սասնա ծռերի» ապստամբությունն արդեն ոչ թե քաղաքական դաշտում քննարկում ես որպես ազատության համար պայքար, ոչ թե ապստամբություն, այլ քրեական հանցագործություն՝ զինված բանդայի»: 

Անդրադառնալով դատախազության հակաիրավական պատասխանին, ցանկանում եմ հայտնել, որ Բիլյանի անմեղության մասին փաստեր անհրաժեշտ չեն, որովհետեւ նրա անմեղությունը ապացուցվել է առաջին ատյանի կողմից: Նրա դեմ 2016թ. արված կեղծ ցուցմունքները 2020թ.-ին հիմնովին հերքվել են դատարանում, որոնց արդյունքում Բիլյանն արդարացվել է: Ոչ թե պաշտպանական կողմն է պարտավոր անմեղության  «նոր երեւան եկած հանգամանք» ներկայացնել, այլ «մեղադրող» կողմն է, որ, եթե ունի Բիլյանի «մեղավորությունը» հաստատող «նոր երեւան եկած հանգամանք», ապա պարտավոր է ներկայացնել դրանք:  Իսկ այդպիսիք չկան: Բայց ակնհայտորեն կա Բիլյանին ամեն գնով մեղավոր ճանաչելու կամայական որոշում, և դրա համար անհրաժեշտ է առանց նոր ապացույցներ ներկայացնելու՝ նրան վերստին մեղադրել ու դատապարտել:  Դրա համար դիմել են «դատավարական» հակաօրինական «հնարքի»: «Վերաքննիչ դատարանը», առանց հարցն իսկապես վերաքննելու և դատախազությունից «մեղավորությունը վերահաստատող» նոր ապացույցներ պահանջելու՝ վերջինի կամայական  պահանջն ընդունելու նպատակով, հանդես է եկել վճռաբեկ դատարանի հանգամանքով: Դատական օրենսգիրքը վերաքննիչին տալիս է այդ իրավունքը, պայմանով, որ գործը վարույթ ընդունելիս նա ամրագրի այդ (վճռաբեկի կարգավիճակով գործն ընդունելու) հանգամանքը, այդ որոշման ներքեւ ստորագրեն առնվազն հինգ դատավորներ, և գործը քննվի ու վճիռն արձակվի ու ստորագրվի նույնպես առնվազն հինգ հոգուց բաղկացած ատյանի դատավորների կողմից:  Տվյալ դեպքում դատական օրենսգրքի պահանջած այս պայմանները ոտնահարվել են: «Վերաքննիչ դատարանը» խախտել է օրենքը: Բացի այդ, գործը քննող ատյանը ութ ամսվա ընթացքում երեք անգամ փոխվել է, նույնպես օրենքի խախտումներով: Հետեւաբար, Բիլյանին առանց նոր ապացույցների դատապարտելու համար դատախազությունն ու դատարանը դիմել են աճպարարության, իսկ այդ աճպարարությունն իրականացրել օրենքի կոպիտ խախտումներով: 

Ինչ վերաբերում է «Բեւեռի» ղեկավարության կողմից ինձ վերագրվող, մեղմ ասած, անհեթեթություններին, ինչպես նաեւ այս հարցի կապակցությամբ մյուս, մեղմ ասած, անհեթեթություններին, ապա ես նրանց հանգամանորեն պատասխանել եմ իմ՝ «Արմեն Բիլյանի հարցով «տղերքի» պատասխանները բումերանգի նման վերադառնում ու հարվածում են իրենց» հոդվածում: Այստեղ պարզապես ամփոփ կրկնեմ հետեւյալը: 

Ո՛չ Արմենը, ո՛չ էլ ես երբեւէ կասկածի չենք ենթարկել բռնատիրության և անարդարության դեմ ապստամբության բնական իրավունքը: Ոստիկան Գագիկ Մկրտչյանի դեպքի կապակցությամբ մեր դիրքորոշումը և բողոքը կապ չունի այդ սկզբունքի հետ: 

Երբ դու վիճարկում ես ոչ թե ապստամբական ակտով քո իսկապես կատարածը, այլ բացահայտ կեղծիքը, մի գործողություն, որը դու չես կատարել, բայց որով քեզ մեղադրում են, ապա այդ վիճարկումն ու դրա դեմ ընդվզումը բնութագրել որպես ապստամբության իրավունքից հրաժարում և հարցի քրեական մակարդակ տեղափոխում, առնվազն անհեթեթություն է:

Արմեն Բիլյանն ապստամբական ակտին իր փաստացի մասնակցության և ոչ մի դրվագով չի ընդունել «գաղութային համակարգի կանոնները» և չի դիմել կամ փորձել ենթարկվել «նրա ողորմածությանը»: Նա չի վիճարկում իր փաստացի կատարածը: Նա բացառապես ընդվզել է ծանրագույն հետեւանքներով լկտի կեղծիքի դեմ, և իր նախկին զինակիցներից ու հատկապես նրանց ղեկավարներից պահանջում է լինել բարոյական և սկզբունքային: 

Ապստամբային իրավունքից հրաժարումն այն է, երբ համակարգը քո ապստամբական ակտը բնութագրում է որպես քրեական, և դու ընդունում ես այդ տրամաբանությունն ու ընդունում կամ վիճարկում ես քո կատարածի քրեականությունը: Դա, ցավոք,  արել են խմբի ղեկավարները: 

Նրանք 2018-ին իրենց համաձայնությունը տվեցին համաներման օրենքին: Եթե դու համաձայնում ես համաներվել, ապա դու ընդունում ես, թե կատարել ես քրեական հանցագործություն: Եթե պնդում ես, որ քոնը եղել է ապստամբություն, այլ ոչ քրեական հանցագործություն, ապա քեզ համար քո չկատարած հանցագործությունից ներվելու խնդիր չի կարող լինել, և դու չպետք է համաձայնես համաներվել: Խմբի անդամները, առաջնորդների ցուցումով, դատարանում տվեցին համաներվելու իրենց համաձայնությունը: Դրանով նրանք ընդունեցին քրեական հանցագործություն կատարած լինելը և ներվելու համար դիմեցին իրենց ատած գաղութային համակարգի ողորմածությանը: 

Ուրիշի աչքի մեջ գոյություն չունեցող փուշ փնտրելուց առաջ պետք է զգալ սեփական աչքում գտնվող գերանը: 

Վարուժան Ավետիսյանի՝ առողջության հարցով արտասահման մեկնելու կապակցությամբ նրա պաշտպանները դիմեցին դատարանին, իսկ ընկերները կազմակերպեցին դատախազությանն ուղղված ստորագրահավաք: Դա «գաղութային դատախազական հարցեր»-ի քննարկու՞մ է, թե ոչ: Դա «գաղութային համակարգի ողորմածությանը» դիմելու արա՞րք է, թե ոչ: Արմենի ու իմ պահանջների նկատմամբ իրենց ծուռ տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում պատասխանը պետք է լինի դրական: Այդ դեպքում ինչո՞ւ են դիմել այդ քայլերին: Իմ համոզումով՝ պատասխանը բացասական է: Ես անձամբ մասնակցել եմ իրենց կողմից կազմակերպված այդ ստորագրահավաքին և հանդես եկել հայտարարությամբ: Ի դեպ, ես ամենայն անկեղծությամբ ապաքինում և առողջություն եմ ցանկանում Վարուժանին: Բայց «երկու չափ, երկու կշիռ» մոտեցումն անընդունելի է, այն էլ Արմենի հարցով իրենց սեփական խղճի վրա ծանրացող նման աղաղակող անարդարության պարագայում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել