Եղիսաբեթ II թագուհին հայտարարել է Միացյալ Թագավորության հաջորդ թագավորի ու թագուհու անուները |hetq.am|
15:57 - 06 փետրվարի, 2022

Եղիսաբեթ II թագուհին հայտարարել է Միացյալ Թագավորության հաջորդ թագավորի ու թագուհու անուները |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը նշել է բրիտանական գահին բազմելու 70-րդ տարելիցը կամ «պլատինե» հոբելյանը։ Հոբելյանի նախօրեին Եղիսաբեթ II-ը Սանդրինգհեմյան պալատում կազմակերպել է հանրային ընդունելություն, որտեղ հանդիպել է կամավորների, թոշակառուների և «Կանանց ինստիտուտ» հասարակական կազմակերպության անդամների հետ։ 

«Սանդրինգհեմում հոբելյանը ինչ-որ չափով թագուհու վերադարձն է աշնանը մի շարք միջոցառումների չեղարկումից հետո՝ նրա առողջական վիճակի հետ կապված մտավախությունների պատճառով։ Դա փոքր և ոչ պաշտոնական ընդունելություն էր, բայց տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումը մոտ է ժողովրդի հետ նրա հանդիպումներին»,- գրում է BBC-ի թագավորական թղթակից Շոն Քուլանը։ 

Եղիսաբեթ II-ը ուղերձով դիմել է նաև ժողովրդին և շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար։ «Այդ տարելիցը ինձ հնարավորություն է տալիս մտածելու բարության մասին, որոնք այս տարիներին իմ նկատմամբ ցուցաբերել են բոլոր ժողովուրդների, տարիքների և կրոնների մարդիկ»,- նշվում է ուղերձում։ 

 

Իր ուղերձում Եղիսաբեթ II-ը նաև հայտարարել է, որ իր ավագ որդին՝ արքայազն Չարլզը կլինի բրիտանական գահի հաջորդ թագավորը, իսկ Քորնուելի դքսուհի Քամիլան կստանա կոնսորտ թագուհու կարգավիճակ։ «Երբ<...> իմ որդին Չարլզը դառնա թագավոր, ես գիտեմ, որ դուք նրան և նրա կնոջը՝ Քամիլային ցույց կտաք այն աջակցությունը, որն ինձ եք տվել։ Եվ իմ անկեղծ ցանկությունն է, որ, երբ ժամանակը գա, Քամիլան ճանաչվի որպես կոնսորտ թագուհի<...>»,- նշվում է Եղիսաբեթ II-ի ուղերձում։ 

Կոնսորտ թագուհու կարգավիճակը ենթադրում է, որ դրա կրողը կունենա թագավորին հավասար սոցիալական կարգավիճակ։ Ընդ որում, տիտղոսը նրան չի տալիս իշխող միապետին վերապահված քաղաքական և ռազմական լիազորությունները։

Արքայադուստր Եղիսաբեթը գահին բարձրացել է և թագուհի հռչակվել 1952 թվականի փետրվարի 6-ին, իր հոր՝ Գևորգ VI-րդի մահվան օրը։ Եղիսաբեթ II-ը ներկայումս ամենաերկար իշխող միապետն է աշխարհում։ Բացի այդ, նա պետությունների գործող ղեկավարներից ամենատարեցն է։ 

Մինչ Եղիսաբեթ II-ը բրիտանական գահին ամենաերկարն իշխել է նրա նախատատը՝ Վիկտորիա թագուհին։ Վերջինիս կառավարումը ձգվել է 63 տարի, 7 ամիս և 2 օր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել