DW-ի հեռարձակումն արգելելու Ռուսաստանի որոշումն անհիմն է․ ԵՄ
 |factor.am|
20:27 - 04 փետրվարի, 2022

DW-ի հեռարձակումն արգելելու Ռուսաստանի որոշումն անհիմն է․ ԵՄ |factor.am|

factor.am: Գերմանական Deutsche Welle (DW) մեդիա ընկերության հեռարձակումն արգելելու՝ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների որոշումն անհիմն է։ Այս մասին փետրվարի 4-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն՝ պատասխանելով DW-ի հարցին։

«Ցավոք, սա իսկապես վատ նորություն է և իրադարձությունների վատ զարգացում, Ռուսաստանի իշխանությունների այս որոշումն անընդունելի է և անհիմն»,- ասել է Ստանոն։

Նա պարզաբանել է, որ ՌԴ իշխանություններն իրենց գործողությունները «հիմնավորել են» գերմանական լրատվամիջոցների կարգավորող մարմնի որոշմամբ, որով արգելվել է ռուսական RT DE պետական հեռուստաալիքի հեռարձակումը Գերմանիայում։ Ստանոն հիշեցրել է, որ RT DE-ն հեռարձակման վավեր լիցենզիա չի ունեցել:

«Ուստի, այս որոշումը ոչ մի կերպ կապված չէ Ռուսաստանում Deutsche Welle-ի աշխատանքի հետ։ Ռուսաստանի իշխանությունների այս արձագանքը, ցավոք, ևս մեկ անգամ ցույց է տալիս ԶԼՄ-ների ազատության շարունակական խախտումները և լրատվամիջոցների անկախության նկատմամբ նրանց անհարգալից վերաբերմունքը»,- ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը։

Նա իր համերաշխությունն է հայտնել DW-ին և Ռուսաստանում աշխատող մեդիա ընկերության աշխատակիցներին։

«Մենք ակնկալում ենք, որ Deutsche Welle-ն լիարժեք և արդար հասանելիություն կունենա բոլոր իրավական ընթացակարգերին՝ վիճարկելու այս անհիմն որոշումը»,- ասել է ԵՄ պաշտոնյան։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր երկրում գերմանական միջազգային հեռարձակող ընկերության՝ «Deutsche Welle»-ի աշխատանքի դադարեցման մասին։ Այսպես էին Ռուսաստանի իշխանություններն արձագանքել Գերմանիայում RT DE-ի հեռարձակման արգելքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել