Ռուսաստանը դադարեցնում է Deutsche Welle-ի աշխատանքը երկրում |hetq.am|
12:36 - 04 փետրվարի, 2022

Ռուսաստանը դադարեցնում է Deutsche Welle-ի աշխատանքը երկրում |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրում գերմանական միջազգային հեռարձակող ընկերության՝ «Deutsche Welle»-ի աշխատանքի դադարեցման մասին։ Այսպես են Ռուսաստանի իշխանություններն արձագանքում Գերմանիայում RT DE-ի հեռարձակման արգելքին։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Deutsche Welle-ի ռուսական բյուրոյի բոլոր աշխատակիցների հավատարմագրումը չեղյալ կհայտարարվի, արբանյակային և մյուս հեռարձակումները դադարեցվել են, ինչպես նաև կնախաձեռնվի ընկերությանը օտարերկրյա գործակալ ճանաչելու գործընթաց։ Մինչ օրս գերմանական մեդիաընկերության ռուսական ծառայությունն այդ կարգավիճակը չուներ։

ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է «սկսել Գերմանիայի պետական և հանրային կառույցների ներկայացուցիչների ցանկի ձևավորման գործընթաց, որոնք կապ ունեն RT DE-ի հեռարձակման սահմանափակումների և ռուսական մեդիաօպերատորի վրա այլ ճնշումների ցուցաբերման հետ»։ Նրանց մուտքը Ռուսաստան կարգելվի։

Նախարարությունը հայտարարել է, որ այս միջոցները միայն առաջին քայլն են։ «Պատասխան քայլերի հաջորդ փուլերի մասին տեղեկատվությունն իր ժամանակին կհրապարակվի»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Russia Today-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել է որոշմանը։ «Շնորհակալություն, հարազատ»,- գրել է նա։

Deutsche Welle-ի գլխավոր տնօրեն Պետեր Լիմբուրգը հայտարարել է, որ ռուսական իշխանությունների որոշումը հասկանալի չէ և «անհամաչափ արձագանք» է։ «Եթե նույնիսկ վերջին հաշվով մենք ստիպված լինենք փակել Մոսկվայի մեր թղթակցությունը, դա չի ազդի Ռուսաստանում DW-ի հեռարձակման վրա։ Հակառակը, մենք էականորեն կընդլայնենք այն»,- հայտարարել է Լիմբուրգը։

DW-ի ղեկավարի խոսքով՝ իրենց հետ տեղի է ունենում այն, ինչ ավտորիտար երկրներում զանգվածային լրատվամիջոցների հետ։ «Մենք պաշտոնապես բողոքում ենք այդ աբսուրդային արձագանքի դեմ և մտադիր ենք դիմել դատարան»,- հայտարարել է Պետեր Լիմբուրգը։

Գերմանիայի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Deutsche Welle-ի դեմ ռուսական միջոցները «իրենց հիմքում չունեն որևէ հիմնավորում և նոր լարվածություն են ռուս-գերմանական հարաբերությունների համար»։ Ավելի վաղ, Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Գերմանիայում RT-ի հետ տեղի ունեցողը «ոչ այլ ինչ է, քան խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություն»։

Հիշեցնենք, որ Գերմանիայում փետրվարի 1-ից արգելվել էր արբանյակով, համացանցով և մոբայլ հարթակներով Russia Today-ի գերմանական ծառայության հեռարձակումը, քանի որ հեռուստածրագիրը «հեռարձակվում է առանց հայցված թույլտվության ստացման»։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել