Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, հետևանքները սարսափելի կլինեն. Թոմաս-Գրինֆիլդ |azatutyun.am|
09:29 - 01 փետրվարի, 2022

Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, հետևանքները սարսափելի կլինեն. Թոմաս-Գրինֆիլդ |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել տասնյակ հազարավոր զինծառայողներ և մեծ թվով հրթիռներ:

Ըստ արևմտյան փորձագետների, այդ ուժը կարող է կիրառվել Ուկրաինայի դեմ հնարավոր գրոհի դեպքում:

Վաշինգտոնի փոխանցմամբ՝ Մոսկվան մի քանի անգամ սպառնացել է ռազմական գործողությունների դիմել, եթե Կիևը չկատարի ռուսական կողմի պահանջները:

«Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, այլևս մեզնից ոչ ոք չի կարողանա ասել, թե դա անսպասելի էր: Հետևանքները սարսափելի կլինեն: Հենց դրա համար է այսօրվա հանդիպումն այդքան կարևոր», - ասել է Թոմաս-Գրինֆիլդը:

Նրա փոխանցմամբ՝ Վաշինգտոնը չի ուզում ռազմական առճակատում, սակայն պատրաստ է իրավիճակի վատթարացման դեպքում վճռական պատասխան տալ:

«Մենք ձգտում ենք խաղաղության, մենք առճակատում չենք ուզում, բայց մենք կգործենք վճռական, արագ և միասնաբար, եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումն Ուկրաինա», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:

Ռուսաստանը մշտապես պնդում է, թե Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռուսական զորքը տեղակայված է Ռուսաստանի ինքնիշխան տարածքում, հետևաբար՝ որևէ երկիր չունի այդ կապակցությամբ դժգոհություն ներկայացնելու իրավունք:

«Իսկ դուք ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե որևէ երկիր Ռուսաստանի սահմանին մոտեցներ մոտ 130 հազարի հասնող բանակ», - ասել է Թոմաս-Գրինֆիլդը:

Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Մոսկվան կնախընտրի առճակատումը կարգավորելու դիվանագիտության ճանապարհը:

«Մենք ռուսներին այստեղ ենք հրավիրել նրանց պարզաբանումները լսելու համար, սակայն Ուկրաինայի վերաբերյալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններ դեռ չենք ստացել», - ասել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել